Անսպասելի զարգացումներ Սուրիկ Խաչատրյանի մտերիմների մասնակցությամբ միջադեպերի գործում. անպատժելիության հետևանքները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2016թվականի սեպտեմբերի 6-ին ArmLur.am-ն անդրադարձել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմների մասնակցությամբ միջադեպերին: Մասնավորապես, գրել էինք, որ աղմկահարույց պատմություններով հայտնի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի` Արագած Ղեւոնդյանի որդին՝  Դերենիկ Հակոբյանը, դաժան ծեծի էր ենթարկել Գորիս քաղաքում գտնվող շինանյութի խանութի աշխատողներից Վաչե Հարությունյանին:

Ըստ մեզ հասած լուրերի` Վաչե Հարությունյանն այդ օրը մենակ չի եղել, նրա հետ է եղել նաեւ քեռու որդին՝ Ալիկը, որը եւս մարզպետի վարորդի որդու կողմից ծեծի է ենթարկվել: Գորիսում տարածված լուրերի համաձայն՝ մարզպետի վարորդի որդին` Դերենիկը, նախ վիճել է Ալիկի հետ, ապա զրույցին խառնվել է նրա հորաքրոջ որդին` Վաչե Հարությունյանը, եւ դաժան ծեծի ենթարկվել:

Իսկ ինչն է եղել ծեծի պատճառը

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Վաչե Հարությունյանը Գորիս քաղաքում շինանյութի խանութում է աշխատում, խանութի տնօրենն այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ Սյունիքի նախկին մարզպետի որդու` Տիգրան Խաչատրյանի հետ: Ու ստացվում է, որ խանութի տնօրենի հետ վատ հարաբերությունների հաշիվները նախկին մարզպետի որդին «մաքրում է» աշխատակիցների հետ, սակայն գերադասում է անձամբ չերեւալ:

Պարզել ենք նաեւ, որ Գորիսի շինանյութի խանութի տնօրենը Գագիկ Առուշանյանն է, որի հայրը «Առանցք» շինանյութի խանութի հիմնադիր սեփականատերն է` Առուշ Առուշանյանը:

Ինչ տարաձայնություն ունեն մարզպետի մտերիմները վերջիններիս հետ

Գորիսում ասում են, թե դա հին պատմություն է՝ խուսափելով անգամ հիշել այդ մասին: Ու մինչ նախկին մարզպետի մտերիմներն ու ծեծի ենթարկվածների հարազատները հերքում էին կաարվածը, ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ հիշյալ օրը Գորիսում Դերենիկ Հակոբյանը եւս մեկ անձի հետ վիճաբանել է Վահեի հետ, քաշքշել նրան եւ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
Նշենք, որ դեռեւս 2015 թվականին Դերենիկ Հակոբյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հետ Սյունիքի մարզի Սդղլի գյոլ կոչվող տարածքում գործով անցնող մյուսների մասնակցությամբ ծեծել էր Զաքարյան եղբայրներին: Դեպքից հետո մարզպետի որդին կալանավորվեց, ավելի ուշ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Տպավորությունն այնպիսին էր, որ այս միջադեպը գոնե անպատիժ չէր մնա եւ հերթական անգամ անպատժելիության հետեւանքով նմանօրինակ դեպքերը չեն արձանագրվի, սակայն ինչպես ցույց են տալիս զարգացումները պատկերը միանգամայն այլ է: Բանն այն է, որ իրավապահները հետաքննություն իրականացնելուց հետո որոշել են մերժել նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցել: Չի բացառվում, որ Ալիկին կամ նրա հորաքրոջ որդուն հասկացրել են, որ նախկին մարզպետի թիմի դեմ բողոքելը կարող է վատ հետեւանքներ ունենալ, դրա համար էլ գործն այսպիսի ընթացք ունեցավ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս