Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան նաև ազատազրկման դատապարտված անձինք, ովքեր չեն կատարել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն:
Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Եթե նախկինում ազատազրկման դատապարտված անձինք չէին մասնակցում ընտրություններին, ապա հիմա նոր Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների հիման վրա ազատազրկման դատապարտված որոշ անձանց համար սահմանվել է ընտրություններին մասնակցելու հնարավորություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Մուկուչյանը:
Նա մանրամասնել է, որ նոր կանոնակարգման համաձայն ընտրություններին մասնակցելու իրավունք կունենան ազատազրկված այն անձինք, ովքեր չեն կատարել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ: Մուկուչյանը հիշեցրել է, որ մինչ այդ ազատազրկման դատապարտված որևէ անձ ընտրություններին մասնակցելու իրավունք չուներ: