Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 11-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսի հետ։

Հանդիպմանը վարչապետը բարձր գնահատեց տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված առաջընթացը և նշեց, որ երկկողմ հարաբերությունները մշակութային, կրթական, գիտական և այլ ոլորտներում զարգանալու մեծ ներուժ ունեն։

Դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ նախորդ տարիների համեմատ երկկողմ առևտրաշրջանառությունը շոշափելի աճ է արձանագրել՝ հայտնելով նաև Լիտվայի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու Հայաստանի պատրաստակամության մասին։

Դեսպանը հավելեց, որ տնտեսական դիվանագիտությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։

Զրուցակիցներն անդրադարձան հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի ձևաչափին։ Վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը նշեց հանձնաժողովի հերթական նիստը 2017թ․ անցկացնելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ Լիտվան լիովին աջակցում է Հայաստանի հետ բազմակողմ և երկկողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացմանը։

Զրուցակիցներն անդրադարձան նաև ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, վիզաների ազատականացման գործընթացի հեռանկարներին։

Հանդիպման ավարտին Լիտվայի վարչապետն իր լավագույն բարեմաղթանքները հղեց ՀՀ վարչապետին՝ միաժամանակ դրականորեն արձագանքելով առաջիկայում Հայաստան այցելելու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերին։




Լրահոս