Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կոչ է արել Հայաստանին անհապաղ ադրբեջանական կողմին հանձնել ադրբեջանցի զինծառայողի դին՝ սպանված 2016թ. դեկտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Այս մասին ասվում է Յագլանդի տարածած հայտարարության մեջ:
«Չնայած նրան, որ ԵԽ-ն անմիջական մասնակցություն չունի ԼՂ հարցով բանակցային գործընթացում, սակայն հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Մեզ անհանգստացնում են կոնֆլիկտի հումանիտար կողմը: Ես գիտեմ, որ դեկտեմբերի 29-ին խախտվել է հրադադարի ռեժիմը, ինչը դարձել է մարդակային զոհերի պատճառ, և հայկական կողմը շարունակում է պահել ադրբեջանցի զինծառայողի դին: Նկատի ունենալով այդ հարցի հումանիտար կողմը՝ կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարի մասին պարտավորություններն ու անհապաղ հայրենիք վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին՝ համապատասխան 2010թ. բարձր մակարդակով Աստրախանի հանդիպման ժամանակ ձեռքբերված համաձայնություններին»,-ասվում է Յագլանդի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 զոհ, իսկ ադրբեջանականը՝ 7 զոհ: