Արցախի նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ 200 առաջարկություն եւ դիտողություն է ստացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այսօր հրավիրել է հերթական նիստը: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է մինչ այս պահը հանձնաժողովի կատարած աշխատանքը, ընթացակարգով նախատեսված քայլերը եւ ներկայացրել հետագա անելիքները:

Նշենք, որ դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ԱԺ լիագումար նիստում ընդմիջվել են Սահմանադրության նախագծի քննարկումները եւ պատգամավորներն ու խմբակցությունները հնարավորություն են ստացել մինչեւ հունվարի 11-ի աշխատանքային օրվա ավարտը ներկայացնել առաջարկություններ եւ դիտողություններ սահմանադրության նախագծի վերաբերյալ:

Աշոտ Ղուլյանի խոսքով, հանձնաժողովն այդ ընթացքում ստացել է շուրջ 200 առաջարկություն եւ դիտողություն: «Ստացված առաջարկությունները սպասվածից բավականին շատ են եղել, ինչի համար շնորհակալ ենք հեղինակներին, քանի որ այդ ուղղորդումները մեզ օգնելու են ամբողջացնել Սահմանադրության նախագծի հետ կապված աշխատանքները»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Հանձնաժողովի անդամներն այնուհետև անցել են ստացված առաջարկությունների քննարկմանը, որից հետո, ըստ պատրաստվածության, նախանշվելու են հետագա քայլերը:




Լրահոս