Թուրքիայի ազգային մեծ ժողովում (մեջլիս) հունվարի 11-ին սահմանադրական փոփոխությունների քննարկումների ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ կորել է ամբիոնի 15-ական հազար եվրո արժողությամբ 2 բարձրախոսներից մեկը: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` ենթադրվում է, որ բարձրախոսը ծեծկռտուքի մասնակից պատգամավորների կողմից որպես մահակ է օգտագործվել, սակայն որևէ կերպ չի հաջողվում պարզել, թե որտեղ է այն հայտնվել կռվից հետո:
Նշվում է, որ կռվի ընթացքում լրջորեն վնասվել ու ամրացված տեղից պոկվել է նաև խորհրդարանի 250 կգ կշռող քարե ամբիոնը, որն արդեն վերանորոգվել ու կրկին ամրացվել է հին տեղում:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների հոդվածների քննարկման ժամանակ լարվածություն է առաջացել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» և իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» պատգամավորների միջև, ինչը րոպեների ընթացքում վերածվել է զանգվածային ծեծկռտուքի: