«Սասնա Ծռեր»-ի գործով մեղադրյալ Խաչատուր Գիչյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Սարգսյանը բաց նամակ է հղեր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Սոցցանցում հրապարակված բաց նամակում փաստաբանը ահազանգում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով (հարուցվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք ներխուժելու փաստով) մեղադրյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Խաչատուր Գիչյանի առողջական վիճակը ծանր է:
Սրտանոթային համակարգի ծանր հիվանդությամբ տառապող 70-ամյա քաղաքացին գտնվում է 12 հոգանոց խցում, որտեղ 24 ժամ կալանավորները ծխում են: ՀՀ քաղաքացու կյանքին իրական վտանգ է սպառնում:
Հաշվի առնելով այն, որ 70-ամյա, սրտանոթային համակարգի ծանր հիվանդությամբ տառապող քաղաքացուն մահացու պայմաններում պահելը անմարդկային է՝ Տիգրան Սարգսյանը խնդրում է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը Գիչյանին չծխողների խուց տեղափոխելու համար:
Փաստաբանն արձանագրում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ մարդու իրավունքների պաշտպանը անկախ և անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: