Շիրակում թեժ պայքար է սպասվում. ովքեր են ՀՀԿ-ի հիմնական թեկնածուները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին ընդառաջ արդեն որոշակի են դառնում այն մարդկանց անունները, ովքեր ցանկություն ունեն ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու: Այդ մարդկանց շարքում քննարկվում է նաև Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի անունը:

ArmLur.am-ի հետ զրույցում հարցին` կմասնակցեք կայանալիք ընտրություններին, նա կարճ-կոնկրետ պատասխանեց` «Հավանաբար»: Հարցին`  ինչո՞ւ նման ցանկություն առաջացավ, նախկին մարզպետն ընդգծեց, թե ինքը պատասխանեց հավանաբար, այլ ոչ թե հստակ, հետևաբար պատճառների մասին կարող է խոսել միայն հստակ որոշում կայացնելուց հետո:

Հարցին`  ո՞ր կուսակցության ռեկտինգային ցուցակով առաջադրվելու ցանկություն ունեք, Ցոլակյանը մատնանշեց ՀՀԿ-ին, իսկ այն հարցին`  արդյոք կուսակցության հետ քննարկումներ ունեցել է, նախկին մարզպետը նշեց, թե քննարկումներ եղել են և կարծում է, որ հարազատ կուսակցությունն իրեն կսատարի և կողմ կլինի որոշմանը:

Հիշեցնենք, որ Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի` ռեյտինգային թեկնածու լինելու մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռևս 2016 թվականի դեկտեմբերի 2-ին: Չնայած այն ժամանակ նա ակտիվորեն հերքում էր այդ տեղեկությունները, սակայն այսօր նրա «հավանաբար» արտահայտությունն արդեն իսկ հաստատում է դեռ այն ժամանակ մեր ունեցած հրապարակումը:

Հավելենք, որ իշխող ՀՀԿ-ն Շիրակի մարզում, կարելի է ասել, արել է իր հստակեցումները:  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող կուսակցության առանցքային թեկնածուն կլինի նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, որը ևս ռեյտինգային կարգով կառաջադրվի Շիրակի մարզում:

ՀՀԿ-ի համար 2-րդ և 3-րդ ռեյտինգային թեկնածուները կլինեն Ֆելիքս Ցոլակյանը և ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը:

Ակտիվորեն քննարկվում է նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի հնարավոր առաջադրման հարցը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս