Դեռեւս նախորդ տարեվերջին լրատվամիջոցները բազմիցս ահազանգել են, որ ԴԱՀԿ ծառայության ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի «պաշտոնավարման» կարճ ժամանակահատվածում օր օրի կառույցը փլուզման է գնում:
Կառույցի ներսում, ըստ որոշ լուրերի, մթնոլորտը խաղաղ չէ: Հիշեցնենք՝ անցած տարի ԴԱՀԿ-ից հեռացան ծառայության հնաբնակներ, այդ թվում՝ բաժինների ղեկավարներ, որոնք այլես չեն կարողացել հանդուրժել Հարությունյանին: «Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 16-ին հայտնել էր, որ ԴԱՀԿ ԺՊ-ի ապաշնորհ կառավարման հետեւանքով ծառայությունից հեռացել են գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Ռոբերտ Ղազարյանը, ծառայության ՊԵԿ-ի պետ Վարդան Վարդանյանը, ֆինանսական բաժնի պետ Նարինե Մարգարյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Գագիկ Հարությունյանը, Աշոտ Նավասարդյանի փեսա, Գեղարքունիքի մարզային բաժնի պետ Ռոբերտ Մինասյանը, միջազգային հարաբերությունների բաժնի պետ Աննա Հայրոյանը եւ այլք:
Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ կադրային փոփոխություններն այս կառույցում ինտենսիվորեն շարունակվում են:
Այսպես, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով Ծառայության Իրավաբանական բաժնի պետ, արդարադատության կապիտան Արմեն Ազիզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Արմեն Հարությունյանի մեկ այլ հրամանով Ծառայության Իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության ավագ լեյտենանտ Գոհար Մկրտչյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին: Իսկ Ծառայության Իրավաբանական բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության ավագ լեյտենանտ Դավիթ Հոբոսյանը նշանակվել է նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնին:
Ուսումնասիրելով հիշատակված պաշտոնյաների կենսագրությունը՝ ArmLur.am-ը պարզեց, որ Ծառայության Իրավաբանական բաժնի պետ, արդարադատության կապիտան Արմեն Ազիզյանը, ով, ըստ ԴԱՀԿ պաշտոնական հաղորդագրության, ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն, դեռեւս 2014 թվականի հունվարի 23-ին նախկին պետ Միհրան Պողոսյանի հրամանով նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Իսկ բաժնի պետի պաշտոնը զբաղեցնելու մասին որեւէ տեղ չի հիշատակվում:
Սակայն 2016-ի մարտին Միհրան Պողոսյանի մեկ այլ հրամանով Մալաթիա-Սեբաստիա՝ արդեն բաժնի պետ, արդարադատության կապիտան Արմեն Ազիզյանը փոխադրման կարգով նշանակվել է Արագածոտնի մարզային բաժնի պետի պաշտոնին:
Բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Գոհար Մկրտչյանի անունը եւս որեւէ տեղ չիհիշատակվում:
Իսկ թե դեռ որքան կշարունակվեն ԴԱՀԿ-ում իրականացվող կադրային փոփոխությունները, դեռեւս վաղ է ասել, սակայն որոշ կանխատեսումներ դրանց երկարաձգման մասին են վկայում:
Հ.Գ. ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի թեթեւ ձեռքով արդարադատության ավագ լեյտենանտից «թռնելով» փոխգնդապետի կոչում ստացած Արմեն Հարությունյանը կարծես թե չի ընկալում ծառայության նշանակությունը: Նա մինչ օրս չի մեկնաբանել, թե ինչպես է օրենքը շրջանցելով՝ բազմել ԴԱՀԿ պետի «գահին» եւ օրինախախտ իր գործունեությունը շարունակում է: Թեեւ ըստ ԴԱՀԿ ծառայության մասին ՀՀ օրենքի՝ ԴԱՀԿ բաժնի պետի պաշտոնում չի կարող նշանակվել ավագ լեյտենանտի կոչում ունեցողը, այնուամենայնիվ, ԺՊ Արմեն Հարությունյանը միջազգային հարաբերությունների բաժնի պետի պաշտոնում նշանակել է հե՛նց ավագ լեյտենանտի կոչում ունեցող աղջնակի…