Վերահսկիչ պալատը տարին սկսել է առանց գործունեության ծրագրի: Բանն այն է, որ տարեվերջին Ազգային ժողովն այդպես էլ չքննարկեց ՎՊ ծրագիրը: Այն ընդգրկված էր դեռևս դեկտեմբերի 13-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում, բայց այդպես էլ չքննարկվեց և կառույցն այժմ առանց ծրագրի է մնացել:
Հետաքրքիր է սակայն, որ առաջին դեպքը չէ, որ տարին սկսվում է, և ՎՊ-ն ծրագիր չի ունենում: 2015թ. սկզբին նույնպես կառույցը ծրագիր չուներ: Այդ ժամանակ ՎՊ ծրագիրը քննարկվեց միայն փետրվարին: Փաստորեն այս անգամ ևս այսպիսի սցենար է սպասվում: Նկատենք սակայն, որ այս անգամ տարին նախընտրական է և չի բացառվում, որ ԱԺ քառօրյա նիստերը չկայանան` քվորում չլինելու պատճառով, քանի որ շատերը զբաղված են լինելու նախընտրական աշխատանքներով: Այդ դեպքում չի բացառվում, որ կառույցն առհասարակ առանց ծրագրի մնա:
Նկատենք սակայն, որ համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 100-րդ հոդվածի՝ Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի քննարկումը սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող տարվա դեկտեմբեր ամսվա առաջին չորսօրյա նիստում, սակայն այս անգամ ևս այդպես չեղավ:
Հիշեցնենք նաև, որ սա վերջին դեպքն է լինելու, երբ ԱԺ-ն հաստատում է տարեկան ծրագիրը, քանի որ խորհրդարանական ընտրություններից հետո նոր Սահմանադրության համաձայն ձևավորվելու է Հաշվեքննիչ պալատ: Նշվում է, որ Հաշվեքննիչ պալատը լինելու է չափազանց անկախ մարմին, քան այսօրվա Վերահսկիչ պալատը: Եթե այժմ ԱԺ-ն է հաստատում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը, ապա այսուհետ այն հաստատելու է Հաշվեքննիչ պալատը` ինքնուրույն: