«Բլինդաժի դիմաց կանգնած էի, հետս երեք վիրավորներ կային». ինչ է պատմում ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. ապրիլի 5-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող Թելման Մարկոսյանը ստացել էր բեկորային վնասվածք, որի հետևանքով նա լուրջ խնդիրների առջև է կանգնել. ձախ ականջը չի լսում, իսկ ոտքի մեջ տեղադրված է «երկաթե շիշ»:

Նշենք, որ Թելմանը երրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 54 հազար Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ:

ArmLur.am-ի հետ զրույցում Թելման Մարկոսյանը պատմեց, որ ծառայել է Թալիշում, վիրավորվել է ապրիլի 5-ի առավոտյան:

«Բլինդաժի դիմաց կանգնած էի, հետս երեք վիրավորներ կային: Ամենալուրջ վնասվածքը ես ստացա: Ինձ տեղափոխեցին Մատաղիս, Ստեփանակերտ, հաջորդ օրն էլ ինքնաթիռով բերեցին Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ»,-ասաց նա:

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում Թելմանը ենթարկվում է երկու վիրահատության. «Դեմքիցս, ականջիս միջից  բեկորներն են հանել, դեռ երկու բեկոր էլ ականջիս մեջ կա, որի հետևանքով  ձախ ականջս չի լսում: Ունեմ խնդիրներ շնչառության հետ կապված, քանի որ քիթս վնասվել էր: Մինչև հիմա թևիս մեջ բեկոր կա, իսկ ոտքիս մեջ «շիշ»»:

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Մարկոսյանն երկու ամիս ստացիոնար բուժման կուրսեր է անցել Մուրացանի զինվորական հոսպիտալում, այնուհետև տեղափոխվել հայրական օջախ՝ Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղ:

Քաջ երիտասարդին բազմաթիվ վնասվածքները չեն կոտրում, նա շարունակում է կրթությունը Մանկավարժական համալսարանի Գյումրու մասնաճյուղում:

Մարկոսյանների ընտանիքն այս պահին կանգնած է սոցիալական լուրջ խնդիրների առաջ: Վերջիններս չմարված վարկեր ունեն, որոնք վերցրել են գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով:

Հավելենք, որ Թելման Մարկոսյանին բժիշկները, այլ բարդույթներից խուսափելու համար,  խորհուրդ չեն տալիս ականջի վիրահատություն, իսկ առաջիկայում ևս սպասվում է ոտքի մեկ վիրահատություն:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս