Որոնք են զբոսաշրջության խնդիրները, և ինչ քայլեր է ձեռնարկելու Կարեն Կարապետյանի կառավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները շարունակում են շատ մնալ, որն էլ պատճառ է դառնում զարգացման խոչընդոտի համար: Զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլեր և ցանկություններ բոլորս էլ տեսնում ենք, սակայն ռեալ արդյունք`ոչ այնքան: Եվ արդյունքում ստացվում է այնպես, որ մեր հարևան երկրները շարունակում են տուրիզմի տեսանկյունից ավելի գրավիչ լինել:

Կարեն Կարապետյանի՝  կառավարության 100-օրվա գործունեությանը նվիրված ասուլիսի ընթացքում ArmLur.am-ը վարչապետից հետաքրքրվեց, թե որն է զբոսաշրջության զարգացման մեր գլխավոր խոչընդոտը և ինչու ոլորտը չի զարգանում: Ի պատասխան հարցի վարչապետը նշեց, թե ինքն էլ գոհ չէ վիճակից, ապա հավելեց. «Բյուրոկրատ ենք չէ, մինչև կոմիտեն ստեղծեցինք, մինչև էն…. մենք ունենք հստակ ուրվագծեր, թե ուր ենք շարժվում, զբոսաշրջության կոմիտեի նախագահը ներկայացնելու է իր ծրագիրը և այդ ծրագրով մենք գնալու ենք»:

Վարչապետը հավելեց, որ ամսվա վերջին բանկերի ներկայացուցիչների հետ գնալու է Գյումրի, որտեղ փորձելու են Գյումրին ակտիվացնել որպես տուրիստական կենտրոն: «Ես համոզված եմ, որ մենք ունենալու ենք հաջողություններ: Ես գտնում եմ, որ Հայաստանը որպես տուրիստական վայր գնահատված է: Կուզենայի՞նք ավելի արագ տեմպերով փոփոխություններ անել, այո‘, ունե՞նք մենք բացթողումներ այդ գործում, կարծում եմ, որ այո´», – նշեց նա, հավելելով, որ շատ անհանգստանալու պատճառներ չկան և, եթե լինեն, խոստացավ, որ կդիմեն այլ քայլերի:

Նշենք, որ մամուլի ասուլիսի ընթացքում Կարեն Կարապետյանն ամփոփելով 100-օրվա աշխատանքները, ըստ ոլորտների, ներկայացրել էր արվածն ու ապագա ծրագրերը: Ըստ այդմ, տնտեսական զարգացում ապահովելու նպատակով ախտորոշվել են նաև զբոսաշրջության ոլորտի խնդիրները: Խնդիրներից մատնանշված է, որ ՝ Հայաստանը համաշխարհային շուկայում դեռևս լավ ճանաչված չէ որպես զբոսաշրջային երկիր, տուրիզմի ենթակառուցվածքները բավարար չափով զարգացած չեն: Սահմանային անցման գործընթացները  պահանջում են դյուրացում: Հայաստանում զբոսա­շրջության ներուժը բավականաչափ բացահայտված, գույքագրված և օգտագործված չէ, առկա չէ զբոսաշրջիկների տարբեր խմբերի համար բազմազանեցված առաջարկ։ 

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս