Որ ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակն ինչպիսի տեսք կունենա. ՀՀԿ-ականները սպասման մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 5-ից գտնվում էր արձակուրդում, և ավանդաբար ամեն հինգշաբթի տեղի ունեցող կուսակցության Գործադիր մարմնի նիստն այս անգամ տեղի չունեցավ: Չնայծ դրան, շատ ՀՀԿ-ականներ շարունակում են մնալ սպասման մեջ,  լարված վիճակում, թե ի վերջո ինչպիսին կլինի իրենց ապագան և ինչպիսի որոշում կկայացնի Սարգսյանը:

Ինչպես հայտնի է՝  ռեյտինգային ցուցակներում մեկ ընտրատարածքից մեկ կուսակցությունից կարող է առաջադրվել նվազագույնը 5, առավելագույնը՝  15 թեկնածու՝  կախված տվյալ ընտրատարածքի բնակչության թվից: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնել էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, երբ ընտրում ես որևէ  կուսակցության քվեաթերթիկ, ապա տարածքային ցուցակում ընդգրկված անձանցից որևէ մեկին չքվեարկելու կամ նույնիսկ սխալ քվեարկելու դեպքում, կուսակցությունը ձայն է ստանում: Այսպիսով , ցուցակում ընդգրկվածները պետք է ջանք չթափեն՝  ձայներ ստանալու համար, իսկ այդ ամենից միայն ՀՀԿ-ն է շահելու:

ՀՀԿ խորհրդի նիստին ընդառաջ, կուսակցության ռեյտինգային ցուցակների կազման գործընթացը մոտենում է ավարտին, և արդեն  որոշակի է դառնում, թե որ ընտրատարածքում այն ինչպիսի տեսք է ունենալու: Օրինակ, Արագածոտնի մարզում ՀՀԿ  ցուցակում կարող են լինել ոչ միայն կուսակցականներ, այլև առանց կուսակցության մնացած նախկին ԲՀԿ-ականներ Արագած Ախոյանն ու Բազմասեր Առաքելյանը: Ներկայիս խորհրդարանում այս մարզից ընտրված պատգամավորը Մնացական Մնացականյանն է, ով, ըստ տեղեկությունների կրկին կլինի ՀՀԿ ցուցակում: Շրջանառվում է նաև նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի անունը:

Շիրակի մարզում ևս կարելի է ասել որոշակիություն է տիրում: Մեր տեղեկություններով՝  իշխող կուսակցության առանցքային թեկնածուն կլինի նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը: ՀՀԿ-ի համար 2-րդ և 3-րդ ռեյտինգային թեկնածուները կլինեն Ֆելիքս Ցոլակյանը և ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը:
Ակտիվորեն քննարկվում է նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի հնարավոր առաջադրման հարցը:

Թիվ 4 ընտրատարածքում, որը ներառում է Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն եւ Նորք – Մարաշ վարչական շրջանները, շրջանառվող տեղեկությունների համաձայն,  ռեյտինգային ցուցակում կլինեն ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, և Տրանսպորտի  ու կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը: Թիվ 1 ընտրատարածքում, որը ներառում է Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանները, շրջանառվում է ԱԺ ներկայիս պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի և Նոր Նորք համայնքի ղեկավար Արմեն Ուրիխանյանի եղբոր՝ Ղուկաս Ուլիխանյանի անունը: Նշենք, որ այժմ Նոր Նորք համայնքից պատգամավոր է ընտրված Սամվել Ֆարմանյանը, ով ՀՀԿ համագումարից հետո դարձավ ԳՄ անդամ և կարող  է ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում:

Նոր Ընտրական օրենսգրքով Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը միավորվել են մեկ ընտրատարածքի մեջ։ Այս ընտրատարածքիթեկնածուի անունը հայտնի է շատ վաղուց` ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյան, ում սատարում է նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:




Լրահոս