Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, սակայն հինգերորդ գումարման Ազգային ժողովը մինչ այդ դեռ պետք է նիստեր անցկացնի: Ըստ այդմ, առաջին քառօրյա նիստը նախատեսված է փետրվարի 6-ին, կավարտվի փետրվարի 9-ին: Քառօրյա մյուս նիստը կմեկնարկի փետրվարի 27-ին, կավարտվի մարտի 2-ին: Եւս մեկ նիստ էլ նախատեսված է մարտի 20-24-ը:
Սակայն հաշվի առնելով, որ առջևում ընտրություններ են, մարտի 5-ից էլ մեկնարկելու է նախընտրական քարոզարշավը, իսկ մինչ այդ էլ կուսակցությունները կրկին զբաղված են ընտրությունների հետ կապված հարցերով, ապա ամբողջապես կայացած նիստեր չպետք է ակնկալել: Թերևս դրանցից շատերը կարող են քվորման բացակայության պատճառով չկայանալ: Ընդհանուր առմամբ, խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում ընդգրկված է 249 հարց և 29 միջազգային պայմանագիր։
Ընդգրկված հարցերից է նաև Վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության տարեկան ծրագիրը: Արդեն հայտնել էինք, որ տարեվերջին այս հարցը չհասցրեց քննարկվել և այժմ ՎՊ-ն տարին սկսել և շարունակում է առանց ծրագրի: Օրակարգում ընդգրկված հարցերից են նաև, «2015 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2017 թվականի տարեկան գործունեության ծրագիրը և այլ հարցեր: