Հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հրաձգային զինատեսակների հետ կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր:
Հատկապես ինտենսիվ արկակոծման են ենթարկվել ՊԲ արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում տեղակայված մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ հակառակորդը 60 միլիմետրանոց ականանետից արձակել է 51 արկ, իսկ 82 միլիմետրանոցից՝ 3 արկ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար որոշ հատվածներում դիմել են պատասխան գործողությունների:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ, համեմատաբար, լարված է եղել շփման գծում. «Թշնամին իր ոճի համաձայն շարժվում է: Ինչպես միշտ վարում է իր ապակառուցողական քաղաքականությունը»:
Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ այս օրերին չի բացառվում հակառակորդի կողմից նման ագրեսիվ դրսևորումը, քանի որ Ադրբեջանում «Սև հունվարի» տարեդարձն է մոտենում, և նրանք այդ օրերին ընդգծված ագրեսիվություն են ցուցաբերում:
«1990թ. հունվարի 13-ին սկսվել է հայ ազգաբնակչության ջարդը, մինչև որ խորհրդային բանակը մտել է, որպեսզի փրկի ողջ մնացածներին: Եղել է նաև մի իրադարձություն. մի շարք մարդասպաններ զոհվել են թուրքերի տեղափոխման ժամանակ»,-հավելեց Բաբայանը:
Ըստ նրա՝ թուրքերի մոտ այդ օրը կոչվել է «Սև հունվար»: Ի պատիվ այդ հանցագործների` նրանք այդ օրը ծաղիկներ են դնում «Շեհիդների» պանթեոնում:
Լիդա Եղիազարյան