Արարատի մարզի հանրակրթական դպրոցներից մեկում իսկական իրարանցում է սկսվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նոր Կյանք գյուղի դպրոցում աղմուկ է հասունացել այն բանից հետո, երբ դպրոցի տնօրենի և նրա՝ Կրթության և գիտության նախարարության աշխատակից մոր մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել:
Այսպես, պարզեցինք, որ տնօրեն Արամ Ստեփանյանը ուսումնական հաստատության ղեկավար պաշտոնի հավակնորդ դառնալու համար օգտագործել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացրել աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկանք և աշխատանքային գրքույկ:
Մոր՝ ՀՀ Արարատի մարզպետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետ Օֆելյա Մուրադյանի կազմակերպմամբ խոշոր չափերով գումար է վերցրել ոմն Սամվել Գրիգորյանից՝ վերջինիս խոստանալով դստերը դպրոցում աշխատանքի տեղավորել:
Իսկ Սամվել Գրիգորյանն էլ, պարզվում է, իր հերթին Օֆելյա Մուրադյանի գործընկերն է:
Իսկ հիմա ամեն ինչի մասին ըստ հերթականության: Նախ անդրադառնանք դպրոցի տնօրենին:
Տնօրեն Արամ Ստեփանյանը, պարզեցինք, ոչ միայն մի քանի անգամ կաշառք է վերցրել և ինչ-որ մարդկանց աշխատանքի տեղավորել, այլև պաշտոնական դիրք է չարաշահել, յուրացումներ, հափշտակություն արել: Մասնավորապես, հափշտակել է դպրոցի աշակերտների ծնողների կողմից ստացված, դպրոցի դասագրքերի վարձավճարների համար հավաքված գումարները: Ավելին, դպրոցի տնօրենը յուրացրել է դպրոցին պատկանող տարբեր տեսակի տնտեսական, շինարարական և գրասենյակային գույք:
ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ Արամ Ստեփանյանը 1 տարի՝ 2003-2004 թթ. աշխատել է Դաշտաքարի միջնակարգ դպրոցում՝ որպես ռազմագիտության և իրավագիտության ուսուցիչ, իսկ 2007-2009-ին և 2010-2014թթ.-ին Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոցում: Բանն այն է, որ տնօրենը Նոր Կյանքում մրցույթի մասնակցելիս ասել է, թե ունի աշխատանքային տասը տարվա ստաժ, այնինչ՝ այն կազմում է 6 տարի: Իրավապահները բացահայտել են, որ 2014-ին ներկայացնելով կեղծ փաստաթղթեր՝ Ստեփանյանն ընտրվել է տնօրենի պաշտոնում:
Իսկ ահա Արամ Ստեփանյանի մայրը՝ Օֆելյա Մուրադյանը, տեղեկանալով, որ գործընկեր Սամվել Գրիգորյանը ցանկանում է դստերը ֆիզիկայի ուսուցչուհու պաշտոնում տեղավորել, նրա հետ գործարք է կազմում:
400 հազար դրամի դիմաց որդու անունից խոստանում է Գրիգորյանի դստերը աշխատանքի տեղավորել: Կաշառք վերցնելու մի քանի այլ դրվագ ևս իրավապահներին հաջողվել է պարզել:
Ի դեպ, պարզվում է՝ Արամ Ստեփանյանը մի քանի անգամ ծնողական ժողովներ է հրավիրել, աշակերտների ծնողներից գումար է հավաքել՝ ասելով, թե դրանք նախատեսված են դպրոցի ծախսերի համար, սակայն գումարը յուրացրել է:
Այսպիսով՝ նշված դպրոցում մի ողջ «հանցախումբ» է բացահայտվել, դպրոցի տնօրենը կալանավորվել է, նրա մայրը՝ ՀՀ Արարատի մարզպետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետ Օֆելյա Մուրադյանը, ստորագրությամբ ազատ է արձակվել:
ՀՀ քննչական կոմիտեից ի պատասխան մեր հարցման՝ հաստատեցին, որ նման դեպք բացահայտվել է՝ հավելելով, որ գործի նախաքննությունն ավարտվել է:
Մեզ տեղեկացրին նաև, որ այս գործով անցնում է ոմն Տիգրան Ասատրյան, ով մեղադրվում է կաշառք վերցնելուն միջնորդելու մեջ: Նա ևս ստորագրությամբ ազատ է արձակվել:
Տաթև Հարությունյան