Վարչապետին Լոռիում կդիմավորեն քիմպրոմցիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 18-ին նախատեսվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ կառավարության մի խումբ անդամների աշխատանքային այցը Լոռու մարզ: Կառավարության անդամների և մարզային ամենատարբեր կառույցների համատեղ խորհրդակցությունն անց է կացվելու Վանաձորի տեխնոլոգիաների կենտրոնի նիստերի դահլիճում և քննարկման հիմնական թեման, ըստ պայմանավորվածության, վերաբերելու է Լոռու մարզի տնտեսական զարգացման ռազմավարությանը, ծարագրային հիմնախնդիրներին:

Վարչապետի այցը թերևս սպասված է ոչ միայն պաշտոնյաների, այլ նաև բնակչության ու առավել ևս՝ քիմպրոմցիների համար: Նկատենք, որ դեռ դեկտեմբերի վերջին, երբ նախնական որոշում էր կայացվել վարչապետի՝ լոռի այցի մասով, քիմպրոմցիները վաղ առավոտից հավաքվել էին մարզպետարանի բակում, նպատակ ունենալով դեմ առ դեմ հանդիպել Կարեն Կարապետյանին ու անձամբ տեղեկացնել ստեղծված իրավիճակի մասին: Վարչապետը այդ անգամ սակայն Լոռի չայցելեց: Այս օրերին մեկ անգամ ևս քիմպրոմցիները բողոքի ցույց են իրականացրել մարզպետարանի բակում ու սպառնացել դիմել կտրուկ քայլերի: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հորդորել էր սպասել, քիմպրոմցիներն էլ համաձայնել էին: Հիմա արդեն, երբ պաշտոնապես հայտարարվել է, որ մարզ են այցելելու վարչապետն ու կառավարության անդամները, նրանց ամենաշուտը կդիմավորեն աշխատած, բայց այդպես էլ աշխատանքի կարոտ մնացած ու առանց աշխատավարձ ստանալու` գործազուրկ դարձած քիմպրոմցիները:

Նշենք, որ նախորդ բողոքի ցույցի ժամանակ քիմպրոմցիները ArmLur.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էին, որ խնդրի մասին իրենք նամակ են ուղարկել կառավարության ղեկավարին, որի պատասխանն այդպես էլ չէր ստացվել: Հավանաբար՝ հանդիպման ժամանակ էլ վարչապետը որևէ պատասխան կտա քիմպրոմցիներին:

Էդվարդ Արզումանյան
Վանաձոր




Լրահոս