Քաղաքական հրահանգի սպասելիս. ո՞ր դեպքում Կարեն Կարապետյանը կընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդյո՞ք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում. այս հարցը դարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Բանն այն է, որ նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ պատգամավորի թեկնածուն պետք է վերջին 4 տարում մշտապես բնակված լինի ՀՀ-ում: Նաեւ հստակեցված է, որ քաղաքացին վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող չի համարվում, եթե 1461 օրերի ընթացքում առնվազն 731 օր բացակայել է ՀՀ-ից: Իսկ Կ. Կարապետյանը 2011թ. աշխատել է Մոսկվայում` զբաղեցնելով «Գազպրոմբանկ» ԲԲԸ փոխնախագահի պաշտոնը:

Օրերս կայացած ասուլիսի ժամանակ Կ. Կարապետյանն այդպես էլ հստակ պատասխան չէր տվել` արդյո՞ք ինքը ՌԴ-ում աշխատելով 731 օր եղել է Հայաստանում. «Վերջին հինգ տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երեւանից դուրս: Համապատասխանո՞ւմ է իմ ապրելու օրերի քանակի սահմանափակումը, որպեսզի լինեմ ՀՀԿ ցուցակում, թե՞ չէ, այդ հարցի պատասխանը չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինելու»: «Ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից փորձեց ճշտել` արդյոք վարչապետը բավարարում է ՕԸ սահմանած պահանջները:

«ԸՕ-ով սահմանված համապատասխան տեղեկանք տրամադրելու համար սահմանված են ժամկետներ, այն տրամադրվում է դիմելուց հետո երեք օրվա ընթացքում: Նմանատիպ տեղեկանք ստանալու համար որեւիցե անձի կողմից դիմում չի ներկայացվել: Դիմում ներկայացնելուց հետո նոր կիրականացվեն ստուգումներ, եւ պարզ կլինի: Եթե չի իրականացվել, հետեւաբար չեմ կարող այդ հարցին պատասխանել»,- մեկնաբանեց վարչության պետը: Հասկանալի է, որ ՀՀ ոստիկանությունն այդ տեղեկանքը կտա միայն քաղաքական հրահանգի արդյունքում: Իսկ քանի որ այն դեռ չկա, պատասխանն այսպիսին է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս