Ցեղասպանություն բառի համար Գարո Փայլանի դեմ դատական հայց է ներկայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության (ՄՄԿ-BBP) Էդիրնեի նահանգային կառույցի ղեկավար Արիֆ Քյոռօղլուն մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ հայց է ներկայացրել դատախազություն։ Թուրքական «Beyaz Gazetesi» թերթի կայքի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում Քյորօղլուն Փայլանին մեղադրել է ժողովրդի մեջ քեն և թշնամանք սերմանելու մեջ։

Թուրք պատգամավորի պնդմամբ` մեջլիսում ցեղասպանություն բառի օգտագործումը ստորացուցիչ է թուրք ժողովրդի, հանրապետության և օրենսդիր մարմնի համար: Նա պնդել է, որ ցեղասպանության խնդիրը վիճարկելի հարց է.
«Մեր պետությունը բացել է այս թեմայի վերաբերյալ բոլոր արխիվային նյութերը՝ ներկայացնելով դրանք ողջ աշխարհի դատին», – ասել է Քյոռօղլուն:

Նրա դիտարկմամբ՝ հայ պատգամավորն իր հայտարարությամբ հանցանք է գործել՝ թաքնվելով պատգամավորական անձեռնամխելիության ետևում:
Քյոռօղլուն անհեթեթորեն պնդել է, թե իբր Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր հայերն ու մյուս տեղաբնիկները ապրել են խաղաղ ու համերաշխ:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի ազգային մեծ ժողովում ելույթ ունեցած հայ պատգամավոր Գարո Փայլանը հետևյալ հայտարարությունն էր արել. «Մի ժամանակ 40 տոկոսն էինք կազմում, հիմա մեկ հազարերորդ մասն ենք կազմում: Ուրեմն մեր գլխին մի բան եկել է… Ես ցեղասպանություն եմ անվանում, դուք ինչ ուզում եք` անվանեք: Պապիս ու նախնիներիս գլխին եկածը ես շատ լավ գիտեմ: Եկեք դուք դրեք անվանումը, ու բոլորս միասին առերեսվենք»:

Այս ելույթի համար հայ պատգամավորին որպես պատիժ արգելվել է մասնակցել մեջլիսի առաջիկա 3 նիստերին:




Լրահոս