Այսպիսով՝ երկար սպասված գլխավոր ինտրիգի պատասխանն այլեւս հայտնի է: Ժամեր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը եւ մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձեւավորելով լայն դաշինք»:
Իսկ ինչ կտա Գագիկ Ծառուկյանի վերադարձը հայրենի երերուն քաղաքական դաշտին, ովքեր կտուժեն, եւ ովքեր կշահեն դրանից:
Մինչ տարբեր քաղաքական ուժեր եւ առանձին անհատներ շունչները պահած սպասում էին երկար սպասված հայտարարությանը, քանի որ դրանից էր կախված առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց մասնակցության ձեւաչափը, շատերն արդեն իսկ հայտարարում էին բանակցությունների եւ հանդիպումների մասին:
Եվ ահա, կարելի է վստահաբար ասել՝ այսօր հստակեցվեց՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքականության «փակված էջը» բացում է եւ վերադառնում է լայն ճակատով: Այսինքն՝ բոլոր մանր ու մեծ ուժերը կմիանան նրան: Եվ ինչպես դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 20-ին հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը, Գագիկ Ծառուկյանը հանդես կգա «Ծառուկյան դաշինք»-ի ներքո, որտեղ կլինի նաեւ ԲՀԿ-ն:
Իսկ ովքեր են հավանական թեկնածուները, որոնք կհամախմբվեն Գագիկ Ծառուկյանի շուրջ: Հավանաբար, նրանց թվում կլինի Պաշտպանության նախկին նախարար, իրեն ընդդիմադիր հռչակած Սեյրան Օհանյանը: Իսկ եթե կա Սեյրան Օհանյանը, ուրեմն նրա հետ պետք է գա նաեւ Վիկտոր Դալլաքյանը՝ իր «Երրորդ հանրապետություն» կուսակցությունով հանդերձ, նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանը՝ «Համախմբում» կուսակցությունով:
Իսկ ինչ վերաբերում է իշխող «Հայաստանի հանրապետական» կուսակցությանը, որը հայտարարել է, թե միայնակ է գնալու ընտրություններին, ապա ակնհայտ է, որ նրանց համար Ծառուկյանի վերադարձը շահեկան չէ: Ինչու, որովհետեւ ընտրողների ձայները կիսվելու են:
Այսպիսով, քաղաքական խճանկարը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կլինի մոտավորապես այսպիսին. Ֆավորիտ քաղաքական ուժերը կբաշխվեն 3 մասի. իշխող ՀՀԿ-ն՝ իր ադմինիստրատիվ ռեսուրսներով, «Ծառուկյան դաշինք»-ը կլինի այլընտրանքի դերում, իսկ ընդդիմադիր հատվածը «բաժին կհասնի» ընդդիմադիր «Ելք» դաշինքին: Մնացած ուժերը կդիտարկվեն որպես արբանյակներ՝ առավել փոքր հավակնություններով ու հնարավորություններով:
Տաթև Հարությունյան