Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադարձավ ուղղակի ժողովրդի կամքով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
– Պարո՛ն Եղիազարյան, այսօր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Ի՞նչ եք կարծում, նրա այս հայտարարությունն արդյոք սառը ցնցուղ էր շատերի համար:
– Այո, այն կարող եք անվանել սառը ցնցուղ, կարող եք համարել ծանր հարված որոշ մարդկանց գլխին, կարող եք համարել, որ ստորությունը ՀՀ-ում ի վերջո երկար չի տևում: Այն լուտանքը, սրիկայությունը, այն չափագրված հարձակումները, որոնք կատարվեցին քաղաքական գործչի հանդեպ, կատարվեց ԱԺ-ում երկրորդ ուժի լիդերի հանդեպ: Եվ սա պետք է լիներ, քանի որ նա վերադարձավ քաղաքականություն ուղղակի ժողովրդի կամքով:
– Այս օրերին ակտիվորեն քննարկվում է Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան համագործակցության հարցը, և նշվում է, որ պետք է համախմբում լինի Սեյրան Օհանյանի շուրջ: Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո այս առումով փոփոխություններ սպասո՞ւմ եք:
– Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, ես նրա բարեկամը չեմ եղել: Ես եղել եմ Սեյրան Օհանյանի առաջին քննադատներից մեկը: Բայց թույլ տվեք ասել, որ այսօր ես Սեյրան Օհանյանի բարեկամն եմ, ընդդիմախոսը չեմ: Եթե մարդ իր մեջ ուժ գտավ և հրաժարվեց այս ամենից, հետևաբար ես նրա կողմնակիցն եմ: Ես չեմ կարծում, որ մենք պետք է ապագա խորհրդարանը բաժանենք այս երկու ուժերի միջև:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան