2016թ. ապրիլի 2-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող` կրտսեր սերժանտ, տանկիստ Դանիել Դավթյանը ստացել է գլխուղեղի վնասվածք, որի հետևանքով մարմնի ձախ կողմը թուլացել է: Վերջինիս տուն վերադառանալուն մնացել էր մեկ ամիս:
Նշենք, որ Դանիելն առաջին կարգի հաշմանդամ է, ստանում է 91 հազար հաշմանդամության կրթաթոշակ:
ArmLur.am-ի հետ զրույցում Դանիել Դավթյանն անկեղծացավ, որ ապրում են ծայրահեղ չքավորության մեջ: Բնակարանի հետ կապված ունեն խնդիրներ: Ընտանիքում միայն մայրն է աշխատում` դպրոցում որպես մաքրուհի: Ունեն բազմաթիվ կուտակված պարտքեր:
Դանիելը, ծանր վնասվածքի պատճառով, երկար ժամանակ գտնվել է կոմայի մեջ: Վեց ամիս ստացիոնար բուժման կուրսեր է անցել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
«Ծառայել եմ Մատաղիսում: Վիրավորվել եմ ապրիլի 2-ին: Չորս հոգով էինք, ես գլխիցս ստացա բեկորային վնասվածք, իսկ իրենք այրվածքներ: Չորս «ասկոլկա» կպել է անմիջապես ուղեղիս, երեքը հանել են, մեկն էլ դեռ ուղեղումս ա»,- վերհիշեց նա:
Ըստ նրա՝ մինչ օրս ոչ մի աջակցություն Պաշտպանության նախարարության կողմից չեն ստացել:
Սա թերևս միակ դեպքը չէ, որ պատերազմի արհավիրքը հաղթահարած զինվորը գոյությունը պահպանելու միջոցներ չունի, իր իսկ պաշտպանած հողում: Իսկ, թե ի՞նչ են այս մասին մտածում մեր բարձրաստիճան այրերը, դեռևս պարզ չէ:
Լիդա Եղիազարյան