Արդեն մի քանի օր է՝ լրատվամիջոցներում ակտիվ շրջանառվում է այն լուրը, թե խնդիրներ են առաջացել Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության շարունակության հետ կապված, ուստի չի բացառվում, որ առաջիկայում այն կփակվի:
Հարցի շուրջ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակից մեկնաբանել են, որ ԵԱՀԿ անդամ երկրները դեռ կոնսենսուսի չեն եկել կազմակերպության մի շարք դաշտային առաքելությունների մանդատը երկարաձգելու վերաբերյալ: Այդ հարցի շուրջ արագ համաձայնության հասնելու համար տարվող բանակցությունները շարունակվում են:
ՀՀ Արտաքին գործերի նախարարության մեկնաբանության համաձայն՝ ԵԱՀԿ-ն գործում է կոնսենսուսի սկզբունքով և չնայած նման լայն աջակցությանը, այս պահի դրությամբ հնարավոր չի եղել համաձայնության հանգել Երևանյան գրասենյակի երկարաձգման որոշման շուրջ: Վերջնական որոշումը դեռեւս հայտնի չէ:
Տեսակետները ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հնարավոր փակման շուրջ տարբեր են: Մասնավորապես, կարծիքներ կան, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը շարունակելու հիմնական խոչընդոտը Ադրբեջանն է: Դա կարող է բխել նաեւ Ռուսաստանի Դաշնության շահերից:
Ինչ վտանգներ կարող է դա ներկայացնել Հայաստանի համար, ո՞րն է Ադրբեջանի շահը:
ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը փակումը հնարավոր համարեց եւ ընդգծեց, որ եթե այդպես է, ապա դա ևս մեկ վկայություն է միջազգային ասպարեզում Հայաստանի թուլության: «Ամեն դեպքում` Բաքվի մասնակցությամբ, թե ոչ` սա բացասական երևույթ է Հայաստանի համար»,- նկատեց մեր զրուցակիցը:
Տաթև Հարությունյան