«Առավոտ» թերթը գրում է. «Դեռ 1 շաբաթ առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր խստորեն վերահսկել բակերի և միջբակային տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները։ Հունվարի 16-ին էլ քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, քաղաքապետին զեկուցվել է, որ ուժեղացված աշխատակարգով շարունակված են մայրաքաղաքում մայթերի, փողոցների, ինչպես նաև բակերի և միջբակային տարածքների աղի և ավազի խառնուրդով մշակման ու ձնահեռացման աշխատանքները։
Շրջելով մի շարք փողոցներով՝ ակնհայտ է, որ գործը «գլխառադ են» անում։ Արշակունյաց փողոցին հարակից մայթերից մեկի մի փոքր հատվածում, իսկապես, ավազ է ցանվել, իսկ ահա մամուլի շենքի բակն իսկական սահադաշտ է. այստեղ քայլելը վտանգավոր է, անգամ՝ անհնար։ Մալաթիա-Սեբաստիա շրջանում էլ նույն պատկերն է, մայթերը պատված են սառցաշերտերով, համատիրություններից մեկն ընդամենը իր գրասենյակի բակում Է ավազ ցանել, հավանաբար, որպեսզի համատիրության ղեկավարն առանց դժվարության հասնի գրասենյակ։ Իսկ միջբակային փողոցներում, որտեղով մարդկանց ու երեխաների անցուդարձն անընդհատ է, ավազի մի հատիկ էլ չկա, փողոցները հաստ սառույցի շերտի տակ են։ Թե ինչպես են պատասխանատուները կատարում քաղաքապետի հանձնարարականը՝ լավ կլինի պարոն Մարգարյանն անձամբ ստուգի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։