Քիչ առաջ ArmLur.am-ի խմբագրություն դիմեց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սամվել Անտոնյանը եւ հայտնեց, որ երեկվանից հացադուլ է հայտարարել:
Դատապարտյալի փոխանցմամբ՝ ինքն այդկերպ բողոքում է իրեն առանց պատճառաբանության պայմանական վաղաժամկետ ազատման դիմումը մերժելու դեմ:
Ս. Անտոնյանը հայտնեց նաեւ, որ ինքը դատապարտվել է 3 տարի 9 ամիս ժամկետով՝ խուլիգանության մեղադրանքով. «Մեկ ու կես տարի պատիժ կրելու ընթացքում որեւէ տույժ, նկատողություն չեմ ստացել, սակայն ինձ մերժել են ու չեն բացատրել՝ ինչու: Այո՚, նախկինում մի տասը անգամ դատապարտված եմ եղել, տույժեր եմ ունեցել, սակայն դա ի՞նչ կապ ունի այս անգամվա պատժիս հետ»,- բողոքեց դատապարտյալը:
Վերջինիս փոխանցմամբ՝ ամիսներ առաջ մահացել է իր երիտասարդ որդին, մի քանի օր անց մայրը, եւ ինքը ցանկանում է նրանց շիրմաքարերը դնել, սակայն անազատության մեջ գտնվելով՝ որեւէ աջակցություն դրան ցուցաբերել չի կարողանում. «Երկու տարի հետո ազատվեմ՝ էլ ո՞ւմ է պետք իմ ազատությունը, եթե այդ մի բանն էլ չեմ հասցնում անեմ»,- շարունակեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, նա հայտնեց նաեւ, որ տարիներ առաջ, ինչպես ինքը նշեց՝ 20-րդ դարում, մի քանի ՔԿ հիմնարկներում զոն նայող է եղել՝ «Կոշ», «Արթիկ»…: Սակայն վստահեցնում է, որ դա չի նշանակում, թե ինքը ռիսկային դատապարտյալ է. «Ամեն մարդու չի, որ զոն նայող են վստահում: Հետո դուրս կգամ, էդ ժամանակ կիմանան՝ գողական օրենքներով շարժվելը որն ա: Առանց տույժի, առանց պատճառի մերժելը որն ա»,- ասաց Սամվել Անտոնյանը:
Նրա խոսքով՝ ինքը հացադուլ հայտարարելու համապատասխան դիմումներն արդեն իսկ ներկայացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանին:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից ArmLur.am-ի հարցին ի պատասխան՝ հաստատեցին, որ դատապարտյալ Սամվել Անտոնյանը հացադուլ է հայտարարել եւ բողոքում է պայմանական վաղաժամկետ ազատման համար: Վարչությունից դեռեւս չեն հանդիպել դատապարտյալին, քանի որ նա հացադուլ է հայտարարել այսօր: