«Ժառանգություն» կուսակցության անդամներից յուրաքանչյուրը փորձում է իր «գլխի ճարը տեսնել». նրանք տարբեր ցուցակներում կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում ներկայացված ուժերից միայն «Ժառանգություն» կուսակցությունն է, որն այդպես էլ որոշում չի կայացրել առաջիկա ԱԺ ընտրություններին իր մասնակցության ձեւաչափի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, «Ժառանգությունը» որպես առանձին միավոր չմասնակցի խորհրդարանական ընտրություններին, փոխարենը այս կուսակցության հայտնի անդամները ներկայացված լինեն տարբեր կուսակցությունների ու դաշինքների ցուցակներում:
«Ժառանգությունում» ստեղծված իրավիճակն ամենեւին էլ պատահական չէ:

Այս կուսակցությունում, ըստ էության, բարձիթողի վիճակ է. մի քանի օրից կսկսվեն ԱԺ ընտրությունների առաջադրումները, մինչ այդ, տեւական ժամանակ է` տարբեր քաղաքական ուժերի միջեւ ընթանում են բանակցություններ, իսկ ահա «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ ընթացքում ԱՄՆ-ում էր: Նա Հայաստան է վերադարձել միայն նախօրեին,  մասնակցում էր քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի դատին:
Իսկ մինչ այդ «Ժառանգություն» կուսակցության անդամներից յուրաքանչյուրը փորձում է իր «գլխի ճարը տեսնել»:

«Ժառանգություն» կուսակցության հայտնի անդամներից մի քանիսը բանակցում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ նրանց ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ: Ի դեպ, ԱԴԿ-ն չի ցանկանում դե յուրե դաշինք կազմել, եւ այդ մասին նրանք հայտարարել են պարբերաբար: Փոխարենը ԱԴԿ-ն ցանկանում է իր կուսակցության ցուցակում միավորել համագործակցության պատրաստ քաղաքական ուժերի ու անհատների, քանի որ ընտրություններին այսպես մասնակցելու դեպքում իրենք ստիպված են լինելու հաղթահարել 5 տոկոսի, իսկ դաշինքի դեպքում` 7 տոկոսի շեմը: Հիմա ԱԴԿ-ն ակտիվ բանակցությունների մեջ է «Ժառանգություն» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանի եւ Անահիտ Բախշյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Ա. Բախշյանի հետ արդեն ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ, եւ նա երեկ հայտարարել է «Ժառանգությունը» լքելու մասին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԴԿ-ն առանձին քննարկումների մեջ է նաեւ «Ժառանգության» նախկին անդամ Ստեփան Սաֆարյանի հետ:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեւական ժամանակ է` բանակցում է Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվելիք դաշինքին միանալու շուրջ, որին մաս են կազմում նաեւ Վարդան Օսկանյանի «Համախմբում» եւ Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» կուսակցությունները:

Պատահական չէ, որ իր հարցազրույցներով Մարտիրոսյանը փորձում է 2008-ի մարտի 1-ի խարանից մաքրել այդ օրերին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին` հայտարարելով, որ նա կապ չի ունեցել մարտի 1-ի սպանդի հետ:
Արմեն Մարտիրոսյանին ցանկանում են իրենց շարքերում տեսնել նաեւ «Ելք» դաշինքի անդամները. վերջերս այդ դաշինքի մաս կազմող ՔՊ կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը բաց նամակ էր հրապարակել` Մարտիրոսյանին կոչ անելով հեռու մնալ Օսկանյանից եւ ակնարկելով. «Դու բնականաբար ազատ ես որոշելու՝ Օսկանյանի կողքին ես, թե քո հին տեղում՝ իմ եւ մյուս ընկերների կողքին»։ Բայց ինքը` Մարտիրոսյանը, հակված չէ նրանց հետ համագործակցելու եւ ավելի շատ իրեն տեսնում է Օհանյան-Օսկանյան տանդեմում:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը եւս հանդիպել է Օհանյանի ու Օսկանյանի հետ. նախօրեին այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում, բայց եւ նշել, որ վերջնական որոշում դեռ չեն կայացրել: Ավելին՝ Հովհաննիսյանը փորձել է նաեւ արդարացնել Օհանյանի` պաշտոնավարման տարիներին կատարած արարքները՝ ասելով, որ թեեւ նա եղել է պաշտպանության նախարար, բայց նրանից վերեւ կա նաեւ գլխավոր-գերագույն հրամանատար: «Մարդը փոփոխական է, ապրում է սահմանափակ տարիներ: Ամեն մեկն ունի իր մեղքը: Եվ այս ընտրությունը մենք պետք է միասին դարձնենք այդ հնարավորությունը, որ ամեն մեկը դեմ հանդիման գա իր հետագծին, գնահատենք մարդկանց ծառայությունը հերոսական սահմանի վրա, թե պետական կառավարման մեջ: Բայց նաեւ տարանջատենք ընտրակեղծիք հրահանգողներին ստիպված իրականացնողներից»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է այս ընտրություններին առհասարակ «Ժառանգության» մասնակցությանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Խորհրդակցություններ ենք անցկացնում բոլոր բոլորի հետ եւ մեր որոշումն առաջիկա օրերի ընթացքում կհրապարակենք… «Ժառանգությունը» պետք է որոշի` այս շրջանում առանձին գնալ, գնալ դաշինքով, գնալ այլ եղանակով… Ամեն ինչ հնարավոր է. կարող է եւ չմասնակցենք»: Կուսակցության ներսում տարաձայնությունների մասին հարցին էլ նա ասել է. «Լիքը-լիքը, եւ դրանք եղել են միշտ»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս