Սառը ցնցուղ. Գագիկ Ծառուկյանի վերադարձը հստակեցրեց խճանկարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով` կարելի է ասել, որ քաղաքական դաշտի գլխավոր ինտրիգը հանգուցալուծվեց: Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարության արդյունքում հայրենի քաղաքական դաշտում եղած խաղաքարտերը գրեթե ամբողջությամբ խառնվեցին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին մի շարք ուժեր ու գործիչներ դոմինոյի էֆեկտով կսկսեն հայտարարել Ծառուկյանին հանդիպելու, ապա՝ միանալու մասին: Եւ որքան էլ խոսվի, թե Ծառուկյանի վերադարձը թելադրված է նախագահի նստավայրից, քաղաքական պայմանավորվածության արդյունք է, միեւնույն է` իրականում Գագիկ Ծառուկյանի վերադարձը պայմանավորված չի եղել Սերժ Սարգսյանի հետ: Մինչեւ վերջին պահը տարբեր մակարդակի բանագնացներ են գնացել Ծառուկյանի տուն` համոզելու, որ հետ կանգնի քաղաքականություն վերադառնալու մտքից, բայց չստացվեց: Նա որոշեց մտնել մրցապայքարի մեջ:

Հետաքրքիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական հենարանը միայն ԲՀԿ-ն չէ: Ինչպես ինքը հայտարարեց՝ լայն ճակատով է մասնակցելու ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին: Այդ դաշինքը լինելու է հենց ֆավորիտի` Գագիկ Ծառուկյանի անունով` «Ծառուկյան» դաշինք, որի մեջ կլինեն մեծ ու փոքր կուսակցություններ, պաշտոնյաներ, գործիչներ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որեւէ կերպ ներգրավված չի լինելու այդ պրոյեկտում: ԲՀԿ-ից հեռացած Վարդան Օսկանյանի «Համախմբումը», Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետությունը», Արամ Սարգսյանի ՀԴԿ-ն եւ ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը, որոնք միավորվելու շուրջ բանակցում են, թերեւս կձգտեն միավորվել «Ծառուկյան» դաշինքի կազմում, եթե տարվող բանակցությունները հաջող ավարտ ունենան: Նշենք, որ ե՛ւ Օհանյանը, ե՛ւ նշված եռյակը թեեւ կուսակցություն կամ կուսակցական հենարան որպես այդպիսին ունեն, բայց իրականում թիմի, անգամ 2000 վստահված անձերի խնդիր ունեն: Այսինքն` ընտրություններին միայնակ մասնակցելու պարագայում անհայտ է, թե ինչ արդյունք կգրանցեն` հաշվի առնելով Օսկանյանի ձախողումը Գյումրիում եւ Վանաձորում:

Ինչեւէ, շարունակելով Ծառուկյանի թեման՝ նշենք, որ իր պոտենցյալ դաշնակիցների հետ զրույցում նա հայտարարել է, որ ֆինանսական ու մարդկային ռեսուրսի խնդիր չի ունենալու: Եւ ակնհայտ է, որ ՀՀԿ-ին իրական այլընտրանք բոլոր իմաստներով մնում է «Ծառուկյան» դաշինքը: Լա՞վ է սա, իհարկե, ոչ, քանի որ քաղաքական դաշտն այնքան ամայացած է, որ նոր ուժեր այդպես էլ չեն կարողանում ձեւավորվել եւ ստիպված ենք լինում թերթել արդեն կարդացված էջերը: Բայց փաստ է, որ իրականում ՀՀԿ-ի մոնոլիտ իշխանությունը միայն հենց «Ծառուկյան» դաշինքով է հնարավոր կոտրել, քանի որ ՀՀԿ-ից հետո միայն ԲՀԿ-ն ունի հաստատուն կառույցներ ՀՀ ողջ տարածքում, կայացած թիմ եւ հեղինակություն վայելող անհատներ եւ կարող է իրական «կռիվ տալ» ՀՀԿ-ի հետ:

Այնպես որ, ուզենք-չուզենք, լավ թե վատ, իրավիճակն այսպիսին է:
Նկատենք, որ ընդդիմադիր դաշտում եւս լայն ընտրություն չունենք: Ակտիվ գործում է «Հանրապետություն», ՔՊ եւ ԼՀ կուսակցությունների «Ելք» դաշինքը: Ու եթե դաշինքի շուրջ միավորվի նաեւ ՆԺԿ նախագահ, իրական ընդդիմադիր կերպար Արամ Կարապետյանը, ապա կարելի է ասել՝ ընդդիմադիրներ ճակատը հենց նրանք են լինելու:

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը եթե իշխանական աջակցություն չունենա (թեեւ մամուլը գրում է, որ ՀՀԿ մարզպետներին հրահանգվել է տեղերում օգնել ՀԱԿ-ին), ապա դժվար թե կարողանա 5 տոկոս անցողիկ շեմը հաղթահարել:

Բարդ է լինելու նաեւ Դաշնակցության պարագայում: Իշխանական ռեսուրսներ ունենալու պայմաններում անգամ Գյումրիում Շիրակի մարզպետը չկարողացավ անցողիկ 5 տոկոս շեմը հաղթահարել: Եւ այդ իմաստով Ծառուկյանի վերադարձը ՀՀԿ-ի համար բավականին անցանկալի իրավիճակ ձեւավորեց:

Ինչ վերաբերում է վերածնված ՕԵԿ-ին, ապա նրանք եւս փոքր հավակնություններով պետք է առաջ շարժվեն, քանի որ Ծառուկյանի թողած բացը այլեւս լրացված է, եւ շատ ձայների ակնկալիքները արդեն չկան: Թեեւ լուրեր կան, որ ՀՀԿ-ն կօգնի նաեւ վերածնված ՕԵԿ-ին, որպեսզի «ձայն կոտրի»:

Ահա այն պատկերը, որը ուրվագծվում է ապրիլի 2-ից առաջ: Եւ պետք է արձանագրենք, որ մեծ հաշվով ընտրելու լայն հնարավորություն չունենք:

Թամարա Միքայելյան




Լրահոս