Տարիներ առաջ ԲՀԿ-ից հեռացած Իշխան Զաքարյանը որոշել է վերադառնալ քաղաքականություն և կանգնել Գագիկ Ծառուկյանի կողքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար Գագիկ Ծառուկյանը հունվարի 17-ին վերջապես հանդես եկավ սպասված հայտարարությամբ եւ վերաբացեց դեպի մեծ քաղաքականություն մտնելու իր կողմից փակված էջը:

«Դուք գտեք, որ ես երբեք չեմ ձգտել իշխանության, մշտապես ասել եմ եւ շարունակում եմ կրկնել, որ չեմ ցանկանում զբաղեցնել որեւէ պաշտոն՝ հանուն փառքի եւ սեփական ամբիցիաների: 2015 թվականի փետրվարյան հայտնի դեպքերից հետո ես փակեցի քաղաքական գործունեության իմ էջը՝ թույլ չտալով, որ ժողովրդի խաղաղ ու արդարացի պոռթկումը վերածվի առճակատման եւ արյունահեղության:

Ես ինձ երբեք չէի ների մարդկային հնարավոր կորուստների համար եւ շնորհակալ եմ, որ ժողովուրդն ինձ հասկացավ: Չեմ ափսոսում, որ քաղաքական զարգացումների այդ փուլում, երբ ակնհայտ էր ժողովրդի անվերապահ աջակցությունը, ընդունակ եղանք կայացնել ճիշտ որոշում՝ խուսափելով արյունահեղությունից եւ անդառնալի կորուստներից, հարվածի տակ չդրեցինք Հայաստանի եւ Արցախի կայունությունն ու անվտանգությունը: Իմ որոշումից հետո քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ եւ գործիչ այդպես էլ չկարողացավ լրացնել:

Քաղաքական որոշ առաջնորդների եւ գործիչների՝ այդ օրերին դրսեւորած վարքագծի գնահատականը թողնում եմ հանրության եւ Աստծո դատին: Ես զերծ կմնայի քաղաքական գործընթացներին մասնակցելուց, եթե տեսնեի ու վստահ լինեի, որ մեր երկիրը ընթանում է ճիշտ ճանապարհով, տնտեսությունը զարգանում է, ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրանում է: Ցավոք, ունենք մեծ չափերի հասնող արտագաղթ, թույլ ու հիվանդ տնտեսություն, աղքատության անընդհատ աճ, բարձր չափերի հասնող գործազրկություն եւ ապագայի նկատմամբ անվստահություն: Ես չեմ կարող անտարբեր լինել իմ ժողովրդի ճակատագրի հանդեպ»,- նշեց Ծառուկյանը:

«… որքան էլ ծանրակշիռ լինի իմ կողմից իրականացվող բարեգործության ծավալը, այն չի կարող լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած բոլոր խնդիրները: Մենք պետք է ձեւավորենք ոչ թե բարեգործության սպասող հասարակություն, այլ ձեւավորենք անհրաժեշտ պայմաններ՝ տնտեսության զարգացման եւ աշխատատեղերի ստեղծման համար: 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար:

Նկատի ունենալով մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները, ինչպես նաեւ իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը՝ ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը եւ մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձեւավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի եւ գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով: Մենք կարող ենք, մենք ունենք այդ ներքին մեծ ներուժը մեր երկրի զարգացման եւ հզորացման համար: Ես իմ ժողովրդի առջեւ պարտք ունեմ կատարելու: Կյանքիս այս կարեւոր որոշումը իմ խաչն է, որը կրելու եմ մինչեւ վերջ՝ հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի»:

Այս հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթը հարց ուղղեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին.

-Պարո՜ն Զաքարյան, Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին: Դուք ժամանակին եւս հրաժարվել էիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Հնարավո՞ր է՝ Դուք էլ վերադառնաք քաղաքականություն:

-Դուք ճիշտ եք ասում. ես դեռեւս 2008 թվականից կասեցրել եմ իմ կուսակցական անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան»-ին, որի հիմնադիրներից մեկն ինքս եմ եղել: 2007թ. մայիսին մենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մասնակցեցինք խորհրդարանական ընտրություններին, դարձանք երկրորդ ուժը, իսկ ես ընտրվեցի Ազգային ժողովի փոխնախագահ:

2007 թվականի նոյեմբերին Ազգային ժողովի կողմից նշանակվեցի վերահսկիչ պալատի նախագահ: Օրենքը չէր հակասում իմ կուսակցական գործունեությանը, սակայն այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան»-ը մի քանի կուսակցությունների հետ կազմել էր կոալիցիա եւ ստացել նախարարական ու այլ պորտֆելներ, ես հայտարարեցի, որ դադարեցնում եմ իմ կուսակցական գործունեությունը՝ զերծ մնալով ավելորդ շահարկումներից:

Հիմա իրավիճակն այնպիսին է, որ Հայաստան երկրի հոգսերով ապրող որեւէ անհատ չի կարող քաղաքական միջավայրում մասկացություն չունենալ: Գագիկ Ծառուկյանին վստահում եմ, մենք ընկերներ ենք եւ երկար ճանապարհ ենք անցել: Ես կանգնելու եմ նրա կողքին:

Արփինե Թովմասյան




Լրահոս