«Ծառուկյանի գալով երկու առանձին բևեռներ են գործելու ոչ իշխանական դաշտում». Օհանյանն ու Օսկանյանը քննարկել են լայն դաշինքով մասնակցելու տարբերակը. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համախմբում» կուսակցությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, ինչպես նաև մի շարք նկատառումներ է ներկայացնում:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Քաղաքական ընթացիկ գործընթացների հետ կապված մի քանի նկատառում.

1. ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր, այդ թվում՝ համատեղ գործունեության ձևաչափի մասով։ Երկուստեք հնչել են տեսակետներ, որ պետք է հնարավորինս լայն դաշինքով հանդես գալ։ Այդ հանդիպումները լինելու են պարբերական։

2. ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության, «Երրորդ հանրապետություն» կուսակցության և Հայաստանի դեմոկրատական կուսակցության դաշինքն, անշուշտ, ընդլայնվելու է։ Ներգրավվելու են ոչ միայն քաղաքական ուժեր, այլ նաև հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ և հասարակական ակտիվություն ցուցաբերող անհատներ։ Նպատակը մեկն է՝ ձևավորել այլընտրանքային բևեռ և հանրությանը ներկայանալ նոր գաղափարներով, նոր ծրագրերով և փոփոխությունների կարգախոսով։

3. ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության իրավաբանները հիմնավորում են ներկայացրել, ըստ որի՝ ԱԺ հերթական ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը: Մենք համոզված ենք, որ հակասահմանադրական այս որոշումը պետք է դառնա հանրային ու քաղաքական քննարկման առարկա։ Խնդիրն այս կամ այն օրն առաջ կամ հետ բերելը չէ։ Խնդիրն այն է, որ չի կարելի ի սկզբանե հակասահմանադրական հիմքեր դնել սահմանադրորեն ամրագրված ամենակարևորագույն քաղաքական գործընթացի տակ։

Ի դեպ, ապրիլի 2–ին ընտրության օր նշանակելը նաև այլ մեկնաբանությունների ու գնահատականների տեղիք է տալիս նախորդ տարվա ապրիլի 2–ին սկիզբ առած քառօրյա պատերազմի համատեքստում։ Սա արդեն բարոյաքաղաքական հարթության մեջ է։

4. ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը միանշանակ ողջունում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն, ըստ որի՝ ինքը դաշինքի միջոցով մասնակցելու է ընտրական գործընթացներին։ Փաստորեն, կստացվի, որ արդեն իսկ երկու առանձին բևեռներ են գործելու ոչիշխանական դաշտում, և ամեն մեկը կարող է մեծ ընտրազանգված համախմբել։ Քաղաքական դաշտի նման ուրվագծումը բխում է հասարակության իրական տրամադրություններից և սպասումներից»։




Լրահոս