«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որևէ մասնակցություն չի ունենալու քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես, նա որեւէ կերպ ներգրավված չի լինելու ոչ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, ոչ Սեյրան Օհանյանի:
Մեր այս տեղեկությունն այսօր անուղղակի կերպով նաև հաստատել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` նշելով, որ «Քաղաքական գործընթացների տրամաբանությունը որոշակիորեն խաթարված է, դեռևս չի ձևավորվել պայքարի պատրաստվող քաղաքական ուժերի վերջնական դասավորվածությունը, առայժմ անորոշ են մնում ապագա ընտրապայքարի բազմաթիվ կարևոր գործոններ: Այդպիսով, ներքաղաքական իրավիճակը վերլուծելու միակ ձևը բազմակի ենթադրություններ անելն է, ինչը նախագահ Քոչարյանի ոճը չէ»: