«Ճշմարիտ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ». Հրանտ Դինքի մահից տասը տարի անց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի կյանքը, գործը և նահատակությունը կարծես 20-րդ դարում մեր ժողովրդի ապրած մեծագույն ողբերգության մանրակերտը լինի: Դինքի և հարազատ ժողովրդի կյանքը ճակատագրով միաձուլվեցին, նրա կորստի ցավն ավելի ցայտուն է դարձնում այն հսկայական ազդեցությունը, որ թողեց և՛ թուրք հասարակության բարոյական ինքնագիտակցության, և՛ միջազգային հանրության վրա:

Հրանտ նշանավոր պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի` «Ակոս»-ի գլխավոր խմբագիրը, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով:

Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առաջ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալիս գոչել էր «գյավու´ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։

Սպանությունն իրականացնելու կասկածանքով Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամասթին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։

Կասկածյալին գտնելու հարցում օգնել է նրա հայրը, որը մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարը ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը։

Որոշ քաղաքագետներ կարծում են, որ սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։

Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսի հայ համայնքին։ Սպանության գործի դատավարությունը շարունակվում է:

«Ճշմարիտ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ»: Սա էր, որ Դինքը հնչեցրեց 2002-ին Ուրֆայի համալսարանում կազմակերպված խորհրդաժողովում, ինչն էլ նրա դեմ քրեական գործ հարուցելու առիթ դարձավ (Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, իբր վիրավորել է թուրքական ինքնությունը): Դինքը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Հաջորդ քրեական գործը Դինքի նկատմամբ հարուցվեց 2004-ին, երբ «Ագոսում» տպագրվել էր նրա «Ծանոթանալ Հայաստանին» հոդվածը, որում գրել է. «Դատարկվելիք թունավոր արյան փոխարեն թուրքի երակները լցնելիք մաքուր արյունն առկա է հայկական երակում»: «Հավանական է, որ 2007 թվականն ինձ համար ավելի ծանր տարի լինի,- ասել է նա:- Կշարունակվեն դատավարությունները, նոր գործեր կհարուցվեն իմ դեմ: Ո՞վ իմանա՝ դեռ ինչպիսի անարդարությունների կբախվեմ: Բայց և այնպես իմ միակ երաշխիքը ես համարելու եմ հետևյալ ճշմարտությունը. այո, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիներին ձեռք չեն տալիս»:




Լրահոս