ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու կառավարության մի շարք ղեկավարներ այսօր այցելել են Լոռու մարզ՝ տեղում ծանոթանալու մարզի խնդիրներին ու զարգացման հեռանկարներին: Վարչապետին դիմավորել են քիմպրոմցիներն ու հանրակացարաններից մեկի բնակիչները: Քիմպրոմցիները նախ շնորհակալություն են հայտնել Կարեն Կարապետյանին՝ փոխանցված աշխատավարձերի համար, ապա հարցրել՝ երբ են ստանալու տարիներ առաջ կուտակված 4 ամսվա աշխատավարձերը: Քիմպրոմցիները նաև առաջարկներ են ներկայացրել վարչապետին՝ գործարանը կրկին վերագործարկելու հետ կապված:
Հանդիպմանը ներկա են եղել մարզային ու տեղական իշխանությունները, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Վարչապետին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից նախ զեկուցվել է մարզի տնտեսական վիճակը, ապագայում իրականացվելիք ծրագրերը: Մի շարք ծրագրերի վարչապետը հավանություն է տվել: Անդրադառնալով առողջապահության ոլորտին, Կարեն Կարապետյանը բազմաթիվ խորհուրդներ է տվել` հորդորելով առավելագույս ուշադիր լինել ֆինանսական հոսքերին ու ծախսերին:
Համայնքի ղեկավարների ու ձեռնարկատերերի կողմից մի շարք խնդիրներ են բարձրացվել, վարչապետը հենց տեղում քննարկումների միջոցով փորձել է լուծման ուղիներ առաջարկել: Շուրջ 3 և ավել ժամ տևած հանդիպմանը լոռեցի գործարարները դժգոհել են հիմնականում հարկային ու օրեսդրական ոլորտներից, նշելով, որ Հայաստանում ձեռնարկատերը պետք է ոչ միայն հարկվի, այ նաև՝ հարգվի: Լոռեցիները հույս ունեն, որ վարչապետի հետ կայացած հանդիպումն իր պտուղները շուտով զգացնել կտա, հակառակ դեպքում, ինչպես իրենք են ասում, այս ամենը կդիտվի որպես «Եկանք, տեսանք, գնացինք»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Էդվարդ Արզումանյան
Լոռի