Անցած տարվա ապրիլի 25-ի ուշ երեկոյան Երեւանի Հալաբյան փողոցում 63 համարի երթուղային ավտոբուսի պայթյունի գործի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Նախ հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն դեպքից հետո հաղորդեց, որ կատարվածը կենցաղային հողի վրա տեղի ունեցած անախորժությունների հետեւանք էր: Սակայն մինչ օրս այդպես էլ հայտնի չդարձավ՝ ի վերջո, տեղի ունեցածը պատահականությո՞ւն է, թե՞ նախապես պլանավորված գործողություն: Հայտնի է, որ պայթյունը ողբերգական հետեւանքներ թողեց. երկու ուղեւոր, այդ թվում ենթադրյալ մեղադրյալ Ռուբեն Բալյանը, մահացան, ութը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Դեպքից հետո Ռ. Բալյանի մայրը՝ Կլարա Ոսկանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում որոշ հանգամանքներ էր ներկայացրել՝ չբացառելով, որ հնարավոր է՝ որդին ինքնաշեն պայթուցիկներով փողոց դուրս գալով այլ նպատակ է հետապնդել, քանի որ խնդիր ուներ ինչ-որ անձանց հետ, մասնավորապես ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանի. «Տղաս նախկինում դատապարտված է եղել եւ ԴՀ-ում գտվելու ժամանակ ծանոթացել էր Աֆրիկյանի հետ: Պայմանական ազատ էր արձակվել, երկրից դուրս գալու իրավունք չուներ, բայց գնաց Ռուսաստան: Ու այնտեղ գտնվելու ողջ ընթացքում գումար էր ուղարկում, որ ես Աֆրիկյանին տայի»,- ներկայացրել էր որդեկորույս մայրը:
Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մեր հրապարակումից հետո իրավապահները քննություն էին սկսել: Նյութեր նախապատրաստելու ընթացքում հարցաքննվել է նաեւ Արսեն Աֆրիկյանը: Նրա խոսքով՝ 1990-ականների վերջին ԴՀ-ում պատիժ կրող Ռուբեն Բալյանին արտերկիր ուղարկելու իրավասություն ինքը չի ունեցել. «Կնոջ պատմածն իրականությանը չի համապատասխանում»,- մեր տեղեկություններով՝ իրավապահներին վստահեցրել է բանտապետը: Արդյունքում քրեական գործ չի հարուցվել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կլարա Ոսկանյանը մանրամասնեց, որ Աֆրիկյանի հետ ինքը 90-ականներին է ծանոթացել, իսկ 2014-15 թթ. խնդիրներ են առաջացել ԴՀ նախկին աշխատակից, այժմ փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ. «Աֆրիկյանի հետ տեղի ունեցածը շարունակում եմ պնդել: Խնդիրն այլ է. Արսեն Մկրտչյանն էր խոստացել Ռուբենին արտերկիր ուղարկել եւ խաբեությամբ գումար էր վերցրել: Եվ կասկածներ ունեմ, որ դեպքի օրը որդիս նրա մոտ էր պատրաստվում գնալ»,- ասաց Կլարա Ոսկանյանը:
Վերջինս հայտնեց, որ այս հանգամանքները ներկայացրել է նաեւ իրավապահներին. «Հատուկ քննչական ծառայության հատուկ կարեւոր գործերով քննիչին պատմել եմ ողջ եղելությունը: Եթե ծածկադմփոց անելու նպատակ չունեն, թող պարզապես հեռախոսազանգերը վերծանեն: Թե՛ փաստաբանի, թե՛ գումարի մասին խոսակցությունները ավելին են, քան պարզապես ապացույցներ»:
Արսեն Մկրտչյանի հետ կապ հաստատելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Մեր տեղեկություններով՝ այս հաղորդման հիման վրա եւս ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում:
Տաթեւ Հարությունյան