Ընդդեմ «Գազպրոմի» համաձայնագրի. ինչու է Վրաստանի նախագահը դեմ դեպի Հայաստան գազի տարանցման համաձայնագրին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Պաշտոնական Թբիլիսիի եւ ռուսական «Գազպրոմ» ընկերության միջեւ դեպի Հայաստան գազի տարանցման պայմանների մասին օրերս կնքված համաձայնագիրը հակասում է Վրաստանի ազգային շահերին»,- իր խոսնակի միջոցով նման կարծիք է հայտնել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ հավելելով, որ այդ փաստաթուղթն էական վնաս է հասցրել իրենց երկրի քաղաքական ու տնտեսական շահերին:

Հատկանշականն այն է, որ ի տարբերություն Վրաստանի նախագահի՝ այդ երկրի կառավարությունը, ընդհակառակը, կողմ է այս համաձայնագրին` ստորագրելով այն ու համաձայնելով, որ ՌԴ-ն այսուհետ որպես Հայաստան արտահանվող գազի տարանցման վճար Հյուսիս-հարավ մագիստրալային գազատարով արտահանվող գազի 10 տոկոսի փոխարեն Վրաստանին է ֆինանսական միջոցներ փոխանցելու: Այս իրավիճակը ուշագրավ է մեկ այլ իրողության համատեքստում. «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը գազի սակագինը նվազեցնելու հայտի մեջ մատնանշել էր չորս գործոն, որից մեկն էլ Վրաստանով տարանցման գնի հնարավոր նվազեցումն էր: Ու հիմա, փաստորեն, թեեւ Վրաստանի կառավարության հետ ստորագրվել է համապատասխան փաստաթուղթը, սակայն այս երկրի նախագահը դեմ է դրան:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց Վրաստանի խորհրդարանի մի քանի պատգամավորների եւ պաշտոնյաների հետ, որոնք վստահեցրին, որ անհանգստացնող ոչինչ չկա, պարզապես այդ հայտարարությունը պետք է դիտարկել Վրաստանի նախագահի եւ վարչապետի միջեւ առկա հակասություններով, ինչը չի կարող հակառակ ազդեցություն ունենալ համաձայնագրի վրա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս