Հակառակորդը կրակոցներ է արձակել Չինարիի ուղղությամբ, ինչի հետևանքով տների տանիքներ են վնասվել. ինչպիսին է իրադրությունն այս պահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` անցած տարեվերջին և այս տարեսկզբին հակառակորդը կրկին ակտիվացել էր: Այս անգամ նա հրադադարի ռեժիմը առավել ակտիվորեն խախտում էր հայ-ադրբեջանական սահմանին: Հիշեցնենք` հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում հակառակորդը ունեցել է ավելի քան 10 կորուստ:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան, Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, ինչի հետևանքով ունեցել էր մինչև 7 զոհ:

Փաստացի՝ հակառակորդի արկածախնդրությանը, երկու օրվա ընթացքում, զոհ է գնացել ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինվորական: Իսկ հայկական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, ունեցել է երեք զոհ` մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

ArmLur.am-ը Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարներից փորձեց պարզել` ինչպիսին է եղել իրադրությունը վերջին օրերին:

Ի պատասխան մեր հարցի` Չինարիի համայնքապետ Սամվել Սաղոյանը տեղեկացրեց, որ վերջին անգամ սահմանին հունվարի 8-ն են կրակոցներ հնչել:

Համայնքապետի փոխանցմամբ` կրակոցներ են արձակվել անգամ գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են գյուղի տների տանիքները: Գյուղապետը նաև տեղեկացրեց, որ զոհվածներ և տուժածներ, բարեբախտաբար, չկան:
Խոսեցինք նաև Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանի հետ, ով հայտնեց, որ կրակոցներն այստեղ սովորական երևույթ են դարձել. «Հնչում են ամեն օր»,- կարճ պատասխանեց մեր զրուցակիցը:

Հարցին` ինչ վնասներ են կրել գյուղացիները, Մարգարյանը պատասխանեց. « Վերջին անգամ հակառակորդը երեկ է ակտիվ եղել: Բարեբախտաբար տուժածներ չկան»:




Լրահոս