Նաիրա Զոհրաբյանը չի բացառում Գագիկ Ծառուկյան-Սեյրան Օհանյան համագործակցությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու օր է՝ քաղաքական դաշտի գլխավոր թեման ԲՀԿ նախկին առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հայտարարությունն է: Եթե մինչ այդ ակնկալվում էր, որ քաղաքական շատ ուժեր եւ անհատներ համախմբվելու են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ, ապա Ծառուկյանի վերադարձից հետո սլաքները միանգամից ուղղվեցին դեպի նա:

Սակայն այս պահին ամենահետաքրքրականն այն չէ, թե ովքեր են հավաքվելու Ծառուկյանի շուրջ, առավել կարեւոր է այն, թե արդյո՞ք հնարավոր է, պայմանական ասած, Ծառուկյանի դաշինք- Օհանյանի դաշինք համագործակցությունը: «Ժողովուրդ»-ը այդ հարցի շուրջ փորձեց պարզաբանումներ ստանալ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանից:

«Նախ ասեմ, որ ես շատ մեծագույն հարգանքով եմ վերաբերվում Սեյրան Օհանյանին եւ նաեւ «Համախմբում» կուսակցության մեր գործընկերներին, որոնք իմ ընկերներն են՝ թե՛ Վարդան Օսկանյանը, թե՛ Վահե Հովհաննիսյանը, թե՛ Էլինարը, Ստեփանը եւ թե՛ մեր մյուս գործընկերները: Ինչ վերաբերում է հնարավոր համագործակցությանը, մենք պատրաստ ենք բոլորի հետ լայն համագործակցության»,- նշեց Զոհրաբյանը՝ չբացառելով իրենց եւ Օհանյանի շուրջ համախմբված կուսակցությունների եւ քաղաքական գործիչների հնարավոր համագործակցությունը:

Զոհրաբյանի խոսքով՝ իրենց նպատակը բոլոր այն քաղաքական ուժերին համախմբելն է, որոնք ունեն պոտենցիալ երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ իրականացնելու. «Այս պահին իրավիճակը երկրում այնպիսին է, որ իսկապես լայն համախմբումը, լայն կոնսոլիդացիան կարող է էական բեկում մտցնել ընտրական գործընթացում: Ես կարծում եմ, որ իսկապես մեր համագործակցությունը կարող է շատ արդյունավետ լինել»,- եզրափակեց Զոհրաբյանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս