Թուրքիայում խոսքի ազատություն չկա. Եվրախորհրդարանի նորընտիր նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդարանի նորընտիր նախագահ Անտոնիո Տայանին հանդես է եկել Թուրքիայի մասին հայտարարությամբ: Նա նշել է, որ Թուրքիայում խոսքի ազատություն գոյություն չունի: Միաժամանակ Տայանին կողմ է արտահայտվել Թուրքիա-Եվրամիություն բանակցությունների դադարեցմանը: Թուրքական իշխանամետ «Akşam» թերթի կայքը ԵԽ նորընտիր նախագահի խոսքերը բնութագրել է որպես «սկանդալային»:

Նշենք նաև, որ անցյալ ամիս «EurActiv» կայքին տված մի հարցազրույցի ժամանակ Տայանին ասել էր. «Թուրքիան Եվրամիության կարևոր գործընկերն է, սակայն վերջին զարգացումները ինձ մտահոգում են: Եթե Անկարան ցանկանում է Եվրամության գործընկերը լինել, ապա պետք է հարգի օրենքի գերակայության, խոսքի ազատության սկզբունքը, իր քաղաքացիների հիմնարար իրավունքները: Եվրախորհրդարանի դիրքորոշումը շատ հստակ է. Բանակցությունները պետք է սառեցված մնան այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան վերջ չի տվել բռնություններին»:

Աղբյուրը հիշեցնում է նաև, որ 2015թ. ապրիլին Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից առաջ էլ Տայանին հետևյալ մեկնաբանություններ էր արել. «Ցեղասպանությունը ցեղասպանություն է: Այն տեղի է ունեցել: Մենք կարող ենք հասկանալ, որ սա Թուրքիայի համար զգայուն թեմա է: Սակայն մենք էլ Եվրոպայի անունից պայքարում ենք մարդու իրավունքների, մարդու պատվի պաշտպանության համար և դա մեր հիմնական սկզբունքներից, առաջնայնություններից մեկն է:

«Այսինքն, մենք սա Թուրքիային դեմ գնալու համար չենք անում: Հրեաների ցեղասպանության առումով էլ նույն մոտեցումը ցուցաբերեցինք, ինքնաքննադատություն դրսևորեցինք: Դա մեր պատմությունն է: Հազարավոր հայեր էլ սպանվեցին: Եվ դա էլ մարդկության պատմության մի մասն է: Հայոց ցեղասպանության ժխտումը ոչ ոքի օգուտ չի տա: Դա պատմության մի մասն է և ակնհայտ իրողություն է: Մենք դատապարտում ու պատժում ենք ոչ թե այսօրվա, այլ 100 տարի առաջվա Թուրքիային: Մենք Թուրքիայի թշնամին չենք»,-ասել է նա:




Լրահոս