Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հանդիպել են Դավոսում տնտեսական ֆորումի շրջանակներում: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վերջիններս քննարկել են երկկողմ համագործակցությունը:
Պյոտր Պորոշենկոն, մասնավորապես, նշել էր. «Ցանկանում եմ ընդգծել, որ Ուկրաինան չի ճանաչում և չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը և ողջունում է Ղրիմի հարցում Ադրբեջանի նման դիրքորոշումը»:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց` հասկանալի է Հայաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի միջև կան որոշ հարցեր, որտեղ Ուկրաինայի դիրքորոշումն ավելի մոտ է Ադրբեջանին, քան Հայաստանին:
«Չմոռանանք, որ վերջիվերջո Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից և ՀԱՊԿ-ի անդամ, իսկ Ուկրաինան, մեղմ ասած, ունի ոչ այնքան լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, հատկապես Ղրիմի և Դոմբասի պատմություններից հետո»,-ընդգծեց նա:
Սերգեյ Մինասյանի դիտարկմամբ՝ Ուկրաինան և Ադրբեջանը ռազմատեխնիկական համագործակցության բավականին երկար պատմություն ունեն, բայց դա չի նշանակում, որ իրականում դա ինչ-որ հակահայկական քայլ է, քանի որ Հայաստանն ու Ուկրաինան ունեն հարցեր, որի շուրջ ունեն և համաձայնություն և համագործակցություն:
«Դա ռեալ պոլիտիկի արտահայտում է»,-հավելեց նա:
Լիդա Եղիազարյան