Ինչու են կուսակցությունները թաքցնում իրենց ծախսերը, և որտեղից են իրականում գոյանում ֆինանսական միջոցները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ քաղաքական ուժերն իրենց ֆինանսական միջոցների վերաբերյալ ամենամյա հաշվետվություններ են ներկայացնում, սակայն ակնհայտ է, որ դրանք չեն արտացոլում իրական պատկերը: Սա հատկապես իշխանական կուսակցությունների դեպքում:

Եթե հավատալու լինենք իշխանության մաս կազմող ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հաշվետվություններին, ապա նրանց ֆինանսական միջոցների առյուծի բաժինը գոյանում է անդամավճարներից, մի մասն էլ օրենքով նախատեսված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորումն է:

Ըստ այդմ, 2013թ. ՀՀԿ անդամավճարները կազմել են 97 մլն 838 հազար դրամ, 2014թ. անդամավճարները պակասել են 71 մլն 693 հազար դրամ, իսկ ահա 2015թ. ընթացքում հանկարծ անդամավճարների կտրուկ աճ է արձանագրվել. հավաքագրվել է միանգամից 327 մլն 242 հազար դրամ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից Հովհաննես Սահակյանը նշեց, թե անդամավճարի հստակ չափ սահմանված չէ, եւ կուսակցականները վճարում են այնքան, որքան ցանկանում են: Այս սկզբունքը, թերեւս, պատահական չէ. կուսակցական գանձարանը գոյանում է հիմնականում ՀՀԿ վերին էշելոնի ներկայացուցիչների` պետական եւ ՏԻՄ պաշտոնյաների, գործարարների մուծած անդամավճարներից:

Վերջիններս «պարտադիր, բայց ոչ պարտադրված» սկզբունքով մասնակցում են կուսակցաշինության գործին՝ բնականաբար իրենց աթոռը եւ ունեցվածքը պահելու մղումից ելնելով: Իսկ շարքային հանրապետականների վճարումները հազիվ թե ամսական գերազանցեն 500 դրամը. սա լավագույն դեպքում:

Անդամավճարի կոնկրետ չափ սահմանված չէ նաեւ ՀՅԴ-ում: Այստեղ եւս ֆինանսական հիմնական միջոցները գոյանում են պաշտոնյաների ու գործարարների օգնությամբ: ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հաստատված է միայն անդամավճարների նվազագույն շեմը` 100 դրամ: «Բայց փաստացի վճարումներն ավելի են` կախված մեր ընկերների հնարավորությունից, ցանկությունից, սոցիալական վիճակից: Անդամավճարների չափը միջինացված 500-1000 դրամի սահմաններում է»,- ասաց Համբարձումյանը` հավելելով, որ իրականում անդամավճարը կուսակցական կյանքին բարոյական մասնակցության ձեւ է:

Ըստ ՀՅԴ հաշվետվությունների՝ 2013թ. ընթացքում դաշնակցության կուսակցական գանձարան 5 հազար 340 դաշնակցականից մուտք է եղել 50 մլն 100 հազար դրամ, 2014թ. 3 հազար 820 հոգի վճարել է 35 մլն 900 հազար դրամ: 2015թ. ընթացքում կրկին ավելացել է ե՛ւ անդամավճարների, ե՛ւ անդամավճար մուծող կուսակցականների թիվը. 4 հազար 990 հոգուց գանձվել է 48 մլն 900 հազար դրամ:
Պաշտոնական փաստաթղթերով ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն իրենց ծախսերը «տեղավորել են» կուսակցական գանձարանի հնարավորությունների սահմաններում. դրանք հիմնականում աշխատավարձերն են, կոմունալ վճարները, որոշ դեպքերում` տարածքների վարձակալության վճար է տրվել:

Մինչդեռ, ակնհայտ է, որ այս կուսակցությունների իրական ծախսերը մի քանի անգամ ավելի շատ են, քան ներկայացված է պաշտոնական փաստաթղթերում: Սա հատկապես նախընտրական շրջանում: Ի վերջո, կուսակցություն պահելը միայն մի քանի հոգու աշխատավարձ տալը կամ կոմունալ վճարները չեն: Առավել եւս, երբ կուսակցություններում աշխատավարձ ստացողների թիվն իրականում շատ ավելին է, քան ներկայացված է պաշտոնապես: Էլ չենք ասում տարբեր սոցիալական ցանցերում կուսակցության PR-ով ու հակա PR-ով զբաղվող մարդկանց ու «ֆեյքերի» մասին, էլ չենք ասում զանազան միջոցառումների կազմակերպման եւ անցկացման մասին, որոնք եւս լուրջ միջոցներ են պահանջում: Այս եւ այլ կարգի ծախսերը սովորաբար իրականացվում են չհայտարարագրված միջոցներից: Իսկ թե որտեղից են գոյանում այդ չհայտարարագրված միջոցները, մնում է միայն ենթադրել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս