128 մլն դրամ՝ թանկարժեք նստարանների և աղբամանների համար. քաղաքապետարանը չի փոխում իր աշխատաոճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը ինչպես նախորդ մի քանի տարիներին, այնպես էլ այս տարի նախատեսում է ձեռք բերել «Երեւան» թուջե ձուլվածքով նստարաններ եւ աղբամաններ: Այս նպատակով Երեւանի քաղաքապետարանը քաղաքային բյուջեից հատկացրել է 128 մլն 750 հազար դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը նստարանների եւ աղբամանների գնման վերաբերյալ բաց ընթացակարգով կնքված պայմանագրի հայտարարություն է հրապարակել:
Ըստ այդմ, քաղաքապետարանը նախատեսում է ընթացիկ տարում գնել 500 հատ «Երեւան» թուջե ձուլվածքով նստարան եւ 600 հատ մեծ ձուլվածքով աղբաման: Եվ, ինչպես միշտ, քաղաքապետարանը աղբամաններն ու նստարանները գնում է «Նիկոլ Դուման» արտադրական կորպորատիվից:

Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նստարանների եւ աղբամանների ձեռքբերման մրցույթին մասնակցել է ոչ միայն «Նիկոլ Դուման» ԱԿ-ն, այլեւ «Վահրամ Ապրեսյան» ԱՁ-ն: Վերջինիս ներկայացրած հայտը, սակայն, մերժվել է: Ըստ քաղաքապետարանի՝ «Վահրամ Ապրեսյան» ԱՁ-ի կողմից ներկայացված փաստաթղթերը, այդ թվում գնային առաջարկը եւ հայտի ապահովումը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատվել են լիազորված ստորագրող Ստեփան Ադյանի կողմից: Սակայն բացակայել է «Վահրամ Ապրեսյան» ԱՁ-ի կողմից վերջինիս տրված լիազորագիրը հրավերով սահմանված փաստաթղթերը ստորագրելու իրավասության վերաբերյալ, ինչպես նաեւ տուժանքի մասին համաձայնագրում չի նշվել ամսաթիվը:

Սակայն ամենաուշագրավն այն է, որ մրցույթին մասնակցած «Վահրամ Ապրեսյան» ԱՁ-ն նստարանների համար առաջարկել է 78 մլն 900 հազար դրամ, իսկ «Նիկոլ Դուման» ԱԿ-ն՝ 82 մլն 250 հազար դրամ: Աղբամանների համար վերոնշյալ ԱՁ-ն առաջարկել է 44 մլն 220 հազար դրամ, իսկ «Նիկոլ Դուման» ԱԿ-ն՝ 46.5 մլն դրամ: Բայց ԱՁ-ի ներկայացրած հայտը մերժվել է: Արդյունքում մրցույթի հաղթող է ճանաչվել «Նիկոլ Դուման» ԱԿ-ն, որի հետ էլ քաղաքապետարանը պայմանագիր է կնքել:

«Ժողովուրդ»-ը բազմիցս գրել է, որ «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հիմնադիրներն են Կառլեն Գեւորգյանը, Վարդան Վարդանյանը եւ Արսեն Հայրապետյանը: Կառլեն Գեւորգյանը ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարարն է, ԱԺ նախորդ ընտրություններում թիվ 12 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՅԴ անդամ: Իսկ ընկերության հիմնադիրներից Վարդան Վարդանյանը քաղաքաշինության նախկին նախարարն է, ում պաշտոնավարման տարիներին էլ հենց աշխատել է Կառլեն Գեւորգյանը:

Ինչեւէ: «Բարձրաստիճան» այս գործարարների արտադրական կոոպերատիվի կողմից պատրաստվող մեկ նստարանն արժի 164 հազար 500 դրամ, իսկ աղբամանը՝ 77 հազար 500 դրամ: Նստարանների եւ աղբամանների գույնը, ըստ քաղաքապետարանի ներկայացրած պահանջների, պետք է լինի դեղին-ծիրանագույն, լաքապատված տախտակամածային լաքով: Դրանց տեղափոխումն ու տեղադրումն իրականացվում է մատակարարի միջոցների հաշվին: Տեղեկացնենք, որ «Երեւան» ձուլվածքով նստարանների արտադրողը պարտավոր է դրանք սպասարկել 1 տարի՝ գարնանը, աշնանը եւ հաջորդող գարնանը՝ 3 անգամ: Նաեւ մատակարարող ընկերությունը պետք է թարմացնի գույները, անհրաժեշտության դեպքում ամբողջությամբ ներկի դրանք: Իսկ եթե նստարանների փայտյա մասերը բնակլիմայական պայմանների ազդեցությունից ինչ-որ թերություններ ձեռք բերեն, արտադրող եւ միաժամանակ մատակարարող ընկերությունը պարտավորվում է վերականգնել լաքապատված մակերեսը:

Նստարանների եւ աղբամանների ձեռքբերման հրավերի եւ հայտարարության մեջ նշված է, որ Երեւանի փողոցներում, այգիներում տեղադրված թանկարժեք նստարանների լաքը չպետք է թափվի, որովհետեւ դրանց փայտը հատուկ տեխնոլոգիայով եփված է, անձրեւներից պետք է պաշտպանված լինի: Բայց արի ու տես, որ այսօր երեւանյան փողոցներում եւ այգիներում կարող ենք հանդիպել բազմաթիվ լաքաթափված, փայլը կորցրած, երբեմն նաեւ կոտրված նստարանների եւ աղբամանների: Եւ կարծես թե քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները միայն նստարան եւ աղբաման գնելու տերն են: Իսկ թե դրանց նկատմամբ ով պետք է հսկողութուն սահմանի, այդպես էլ անհայտ է մնում: Այս ամենի արդյունքում հարց է առաջանում՝ արդյո՞ք քաղաքապետարանի կողմից գնված նստարանների եւ աղբամանների գները համապատասխանում են դրանց որակին, էլ չասած այն մասին, թե որքանով է տրամաբանական նման թանկարժեք նստարանների եւ աղբամանների ձեռքբերումը մի երկրի մայրաքաղաքում, որի բնակչության մեկ երրորդից ավելին պաշտոնական տվյալներով աղքատ է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս