2016թ-ի ընթացքում Լոռու մարզային փրկարարական վարչությունում գրանցվել է 842 արտակարգ դեպք և պատահար, որոնց հետևանքով զոհվել է 41, վիրավորվել` 498 մարդ: Այս մասին այսօր հայտարարել է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, Փ.Ծ. գնդապետ Կարեն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով նախորդ տարի իրենց կողմից կատարված աշխատանքների հաշվետվությունը:
Ըստ զեկուցողի՝ 2016թ. ընթացքում, 2015թ. համեմատությամբ, մարզում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների թիվն աճել է 146-ով, զոհերի թիվը նվազել է 8-ով, իսկ ահա վիրավորների թիվն ավելացել է 112-ով:
Դեպքերից 357-ը եղել են տեխնածին, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել` 64 մարդ: Նշված դեպքերից 292-ը հրդեհի դեպքեր են: Հրդեհների հետևանքով գրանցվել է 3 զոհ, վիրավորվել` 8 մարդ:
2016թ. ընթացքում ստացվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 334 ահազանգ, որից 139 դեպքերը՝ անտառներում և խոտածածկ տարածքներում: Եվս 40 հրդեհի դեպք էլ գրանցվել է բնակելի շինություններում:
Վտանգավոր բնական երևույթներով պայմանավորված գրանցվել է 81 դեպք՝ 2 զոհով:
Սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերի քանակը եղել է 404, որոնց հետևանքով զոհվել է 26 մարդ, վիրավորվել` 434 մարդ: Սոցիալ-կենցաղային բնույթի արտակարգ դեպքերը աճել են 189-ով:
Էդվարդ Արզումանյան
Վանաձոր