Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կուսակցության գործադիր մարմնի նիստում չի քննարկվել, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում ով է գլխավորելու կուսակցության նախընտրական շտաբը և ով է գլխավորելու նախընտրական ցուցակը:
Նա նաև նշեց, որ դեռ չի որոշվել, թե ովքեր են լինելու կուսակցության ցուցակի առաջին երեք տեղերում։
«Դեռ չենք քննարկել ցուցակի հետ կապված հարցեր՝ ով է լինելու, ով չի լինելու, ով է լինելու առաջին համարը, կքննարկենք հունվարի 26-ին կայանալիք խորհրդի նիստին, որը տեղի կունենա ԳՄ նիստից հետո, կընտրվի ՀՀԿ խորհրդի նոր կազմ»,- ասաց նա:
Նա հավելեց, որ քարոզչական խումբը և շտաբի կառուցվածքը հայտնի կլինի փետրվարին։
«Կազմակերպչական աշխատանքները սկսվել են, բայց դեռ չեն ավարտվել, մինչև փետրվար ամիսը մենք կներկայացնենք մեր շտաբի ղեկավարին, շտաբի կառուցվածքը, իսկ փետրվարի 6-ից 16-ն էլ օրենքով սահմանված ժամկետներում կներկայացնենք ԿԸՀ»,- ասաց նա։
Էդուրադ Շարմազանովը նաև նշեց, որ ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի մասնակցել։