Կարինե Աճեմյանի հույսը ՀՀԿ ցուցակում կին պատգամավորների պակասն է. ինչպիսին կլինի նրա ճակատագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման (2012-2017թթ.) պատգամավորների գործունեության ամփոփման շարքը, որի շրջանակներում կանդրադառնանք նրանց կատարած աշխատանքին եւ առաջիկա ծրագրերին: Կարեւոր է պարզել, թե ինչպիսի օրենսդրական գործունեություն են ծավալել հայրենի պատգամավորները, եւ արդյո՞ք դա բավարար է 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացուց կրկին քվե հայցելու համար: Մեր այսօրվա «հերոսը» են Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանն է:

Կարինե Աճեմյանի համար 6-րդ գումարման խորհրդարանը կարող է դառնալ երրորդը:  Աճեմյանը 7 անգամ հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Բացակայել է ԱԺ նիստերի մոտ 6 տոկոսից, կողմ քվեարկել նախագծերի ավելի քան 91 տոկոսին, դեմ` 0.73%-ին եւ հրաժարվել քվեարկելուց 1.35%-ի ժամանակ: 2012թ. Կարինե Աճեմյանը իբրեւ դրամական միջոցներ հայտարարագրել է մոտ 6 մլն ՀՀ դրամ, իսկ եկամուտ` 3 մլն 338 հազար ՀՀ դրամ:

Իսկ ահա 2015թ. Կարինե Աճեմյանի պաշտոնական եկամուտը կազմել է 7 մլն ՀՀ դրամ: «1000 դրամների», «Ապօրինի հարստացման քրեականացում», «Բյուջե 2017», «ԱԺ կանոնակարգ» եւ մյուս աղմկահարույց օրինագծերին Կարինե Աճեմյանը պարտաճանաչորեն կողմ է քվեարկել: Ընդգծենք, որ նա ՀՀԿ-ում է հայտնվել 2000-2007թթ.ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ եւ այս տարիների ընթացքում հնազանդորեն սատարել Սերժ Սարգսյանին: Նկատելի է, որ Աճեմյանը ՀՀԿ-ի այն պատգամավորներից է, որոնք հոդաբաշխ կերպով ի վիճակի են գովեստներ ձոնել իշխանության ցանկացած նախաձեռնության, ինչպես օրինակ` «1000 դրամների» օրինագծին, կուտակային կենսաթոշակային համակարգին եւ այլն:

Կարինե Աճեմյանի հույսը ՀՀԿ ցուցակում կին պատգամավորների պակասն է: Հաշվի առնելով Աճեմյանի հրապարակային ներբողները՝ ուղղված Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ ընտրացուցակներում կանանց ներկայացվածության առնվազն 20 տոկոսի մասին «Ընտրական օրենսգրքի» համապատասխան պահանջը` կարելի է կարծել, որ Աճեմյանին կհաջողվի տեղ զբաղեցնել ՀՀԿ ցուցակում:

Ն. Հովսեփյան




Լրահոս