«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2016 թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ սահմանել է ԱԺ ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցությունների եւ նախընտրական դաշինքների տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը. խոսքը ռեյտինգային ընտրացուցակների մասին է:
Թիվ 4 ընտրատարածքը, որն ընդգրկում է Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները, քաղաքական շրջանակներում արդեն կնքվել է «մահվան խումբ» սպորտային տերմինով: Սա նշանակում է, որ այս ընտրատարածքը լինելու է ամենաինտրիգայիններից մեկը, որտեղ կատաղի մրցակցության են դուրս գալու ռեյտինգայինները: Այս ընտրատարածքում յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք կարող է ներկայացնել թեկնածուների ցուցակ՝ առավելագույնը 13 մարդուց բաղկացած:
«ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, կառաջադրվի ՀՀ ռեյտինգային ցուցակով այս ընտրատարածքից: Չի բացառվում, որ ՀՀԿ-ից այստեղ նրա հետ մրցի Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը: ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը եւս կառաջադրվի այս տարածքից (Գագիկ Ծառուկյանի դաշինքից):
Գործարար Խաչատուր Սուքիասյանը, եթե առաջադրվի, ապա ընտրելու է հենց այս ընտրատարածքը: Նրա «պրոտեժեն»՝ «Ելք» դաշինքից Ալեն Սիմոնյանը եւս այս տարածքում կառաջադրվի: Չի բացառվում, որ ՀԱԿ-ից այստեղ առաջադրվի նաեւ ՀԱԿ-ի շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, ինչպես նաեւ ԲՀԿ նախագահ Նարիա Զոհրաբյանը: Սա թեկնածուների այն նվազագույն ցանկն է, որի մասին խոսում են քաղաքական շրջանակներում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: