Վատ լսող ու վատ տեսնող մարդուն գիշերային պահակ են նշանակում. Լոռիում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ-ի ընթացքում Լոռու մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի կողմից իրականացվել է 82 աուդիտ, որի ընթացքում արձանագրվել են 55.8 մլն. դրամի տարաբնույթ խախտումներ, որից շուրջ 10.09 մլն. դրամը վերականգնման կամ վերաձևակերպման համար: Այս մասին հայտարարել է մարզպետարանի աուդիտի բաժնի պետ Լևոն Բերոյանը՝ ներկայացնելով տարեկան հաշվետվությունը:

Ըստ նրա՝ աուդիտի ընթացքում արձանագրվել են բազմաբնույթ խախտումներ ու թերություններ, որոնց մի մասը ընդհանրական են և գրեթե բոլոր կազմակերպություններում կրկնվում են: Տնօրենների կողմից առանձին տրված հրամաններում բացակայել են իրավական հիմքերը, առկա են սխալ ձևակերպումներ` աշխատողների արձակուրդային հրամաններում, ինչպես նաև սխալներ են հայտնաբերվել արձակուրդային գումարների վճարման դեպքերում: Առանձին դեպքերում հայտնաբերվել են աշխատողների միջին աշխատավարձերի սխալ հաշվարկումներ, որոնք կատարվել են աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածի խախտմամբ:

Խախտումներ են հայտնաբերվել նաև աշակերտների ոչ ճիշտ հաշվառման դեպքերում, ասել է թե՝ հանրակրթական հատուկ դպրոցներում աշակերտների ուռճացված թվեր են ներկայացվել՝ պետբյուջեից ավել գումարներ ստանալու նպատակով:

Բաժնի պետը նաև նշել է, որ դպրոցներում ոչ պատշաճ ձևով են իրականացվել դասաժամերի հաշվառումները: «Դպրոցների աշխատողների հաշվառման գրանցամատյաններում կատարված գրանցումները միասնական չեն: Մի շարք դեպքերում խախտվել են աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածի պահանջները: Առկա են գործուղման գումարների հաշվարկման-վճարման, ինչպես նաև աշխատողների վճարման խախտումներ: Կա պարգևատրման հրաման, բայց չի նշվում, թե կոնկրետ ում ինչքան գումար է պարգևատրվել»,-նշել է նա:

Զեկուցողը նաև հայտարարել է, որ համապատասխան բուժզննումներ չեն անցել գիշերային պահակները դպրոցներում. «Վատ տեսնող ու լսող մարդուն պահակ են դրել դպրոցում»:

Բարոյանը հայտարարել է, որ «Խախտումներ են հայտնաբերվել նախահաշիվներում և ծախսային մասերում, հարկատեսակների վճարումներում: Խախտվել է նաև օրենքի այն կետը, ըստ որի գլխավոր հաշվապահը չի կարող լինել մերձավոր ազգակցական, խնամիական կապեր ունի տնօրենների հետ: Այս ամենը դադարեցվել է Ձեր միջամտությամբ, պարոն մարզպետ»:

Նկատենք, որ ողջ հաշվետվությունը ներկայացվել է առանց կոնկրետ անունների, թե որ խախտումը կոնկրետ որ հիմնարկում է հայտնաբերել: Այս թեմայով ArmLur.am-ը առաջիկայում գրավոր հարցում է ուղարկելու` պարզելու համար, թե հիմնականում ովքեր են օրենքը խախտող տնօրենները: Ընդհանուր առմամբ՝ աուդիտի ենթարկված 82 կազմակերպություններում հայտնաբերվել են շուրջ 55,8 մլն դրամի խախտումներ:

Էդվարդ Արզումանյան
Վանաձոր




Լրահոս