«Վինար»-ը բացի գյուղացիներից, այլ պարտքեր ևս ունի. ինչ է ներկայացնում տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող «Վինար» ընկերությունը Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներին պարտք է 67 մլն 800 հազար դրամ մթերած խաղողի դիմաց: Ընկերության տնօրեն Ավետ Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ գյուղացիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել յուրաքանչյուր ամսվա վերջին պարտքից որոշակի չափով մարումներ անել:

Նշենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչները անցած տարվա ընթացքում պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում, ճանապարհներ էին փակում՝ պահանջելով 2015 թվականին մթերված խաղողի գումարները: Բանն այն էր, որ խաղողը մթերած «Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանը ամիսներ շարունակ խոստանում էր պարտքը մարել, սակայն ուշացնում էր: Արդյունքում` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն:

Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանի հետ:

-Պարո՛ն Գալստյան, համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Դուք ընկերությունը վաճառել եք: Այդպե՞ս է արդյոք:

-Նման բան չկա: Դա ինչ-որ մեկն է հնարել: Ոչ ոք չի վաճառում գործարանը, ոչ ոք չի հեռանում Հայաստանից: Սխալ տեղեկություն է:

-Ընկերությունը որքա՞ն է պարտք գյուղացիներին:

-Այսօրվա դրությամբ գյուղացիներին կուտակած պարտքը կազմում է 67 մլն 800 հազար դրամ: Մեր պարտքը եղել է ավելի քան 310 մլն դրամ, որն այժմ դարձել է 67 մլն դրամ:

-Ե՞րբ է ընկերությունը նախատեսում այդ պարտքը մարել:

-Ընկերությունը անցած տարվա դեկտեմբերի 31-ին 18 մլն 800 հազար դրամ վճարել է գյուղացիներին: Բայց յուրաքանչյուր ամսվա վերջին 20 մլն դրամի կարգի գումար մարելու ենք այդ պարտքից: Գյուղացիների հետ պայմանավորվել ենք, այլ խնդիր չկա:

-Ինչի՞ց առաջացան ընկերության խնդիրները:

-Գյուղացիները մեծ քանակի խաղող ունեին, որը 2015 թվականին մթերեցին, բայց դրան զուգահեռ ռուսական ռուբլու փոխարժեքը տատանվեց: Արդյունքում ռուսական ընկերությունները չգնեցին մեր ապրանքը: Իսկ մինչ այդ մեզ ասում էին՝ ինչքան արտադրեք, կգնենք: Մինչդեռ հիմա իրենց համար ձեռնտու չէ, որ մեզանից կոնյակի սպիրտ գնեն:

-Ընկերությունը արտադրանք ունի՞: Կարողանո՞ւմ է ներքին շուկայում այն իրացնել:

-Ամբողջ խնդիրը հենց դրանում է, որ իրացում չկա: Ընկերությունը արտադրանք ունի, բայց չենք կարողանում այն իրացնել: Հակառակ դեպքում ողջ պարտքը կմարեինք: Մեզ մոտ երիտասարդ կոնյակի սպիրտ է արտադրվում: Իսկ գնորդները նախընտրում են 5-6 տարեկան կոնյակի սպիրտ: Այսինքն՝ երիտասարդ կոնյակի սպիրտի գնորդ չենք կարողանում գտնել: Դա է խնդիրը: Ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին շուկայում փնտրում ենք, բայց չենք կարողանում գտնել: Տեղական շուկայում մենք միայն մեծածախ առեւտուր ենք անում, ո՛չ գինի, ո՛չ կոնյակ չենք վաճառում խանութներում:

-«Վինար»-ը ո՞ր երկրներ է կարողանում իր արտադրանքը արտահանել:

-Ընկերությունը 2016 թվականին արտահանում չի իրականացրել, բայց 2015 թվականին Չինաստան եւ Մերձբալթիկա ենք արտահանել: Այս տարի չինական Նոր տարուց հետո չինական կողմը մեզ կոնյակի սպիրտի մեծ պատվեր կուղարկի: Հիմա սպասում ենք այդ պատվերին: Երբ պատվիրեն, գյուղացիների ամբողջ պարտքը կմարենք:

-Պարո՛ն Գալստյան, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը անցած տարի դիմեց գլխավոր դատախազություն՝ Ձեր ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով: Քանի որ ընկերությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չի կատարել…

-Գիտեք, ես չեմ խուսափում ո՛չ դատախազությունից եւ ո՛չ էլ պետական եկամուտների կոմիտեի քննչական բաժնից: Ես ոչ մի խնդիր իրենց հետ չունեմ: Ինձ կանչել են դատախազություն, ես գնացել եմ եւ բացատրություն եմ տվել: Ինչ-որ անհրաժեշտ գործառույթներ կան, արել եմ: Ես ոչ մի հանցագործություն չեմ արել, որ վախենամ: Եթե գյուղատնտեսության նախարարությունը չդիմեր, ապա պետք է գյուղացիները դիմեին:

-Այժմ այդ գործը ո՞ր փուլում է:

-Պետական եկամուտների կոմիտեի քննչական բաժնում է գործը: Ոչ մի խնդիր չկա:

-Ընկերությունը, բացի գյուղացիներին ունեցած պարտքից, այլ պարտքեր ունի՞:

-Փոքր պարտքեր ունենք: Բայց մենք շարունակելու ենք մեր գործունեությունը, մենք մեր ընկերությունը չենք վաճառելու, քանի որ չինական կողմի հետ այդ պայմանագիրը կնքելու համար չորս տարի վնասով աշխատել ենք, որ հասնենք այս կարգավիճակին: Չինական ընկերությունը 2016 թվականին մեզանից ապրանք չպատվիրեց, քանի որ ներքին խնդիրներ ուներ, բայց խոստացել են, որ 2017 թվականին կտանեն:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս