Ստրասբուրգից ժամանած փաստաբան Կարինա Մոսկալենկոյին, ով Եվրոպական դատարանում պաշտպանում է Նորք-Մարաշում վնասազերծված «հանցախմբի» գործով կալանավորված Վահան Շիրխանյանի շահերը, այսօր թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին:
Ինչպես հայտնի է՝ Եվրոպական դատարանն ընդունել է Շիրխանյանի պաշտպանների բողոքը, որով վերջիններս բարձրաձայնում են, որ Հայաստանի կառավարությունը խախտում է Եվրոպական կոնվենցիան՝ պաշտպանության նախկին փոխնախարարին խոշտանգում են բանտում՝ հրաժարվելով տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։
Մոսկալենկոն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ արգելքը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ «Պատասխանն այսպիսին էր՝ մենք վստահ չենք, որ դուք փաստաբան եք, ահա իմ փաստաբանի հավաստագիրը, ապա մենք վստահ չենք, որ նա ցանկանում է այսպիսի փաստաբան, ահա նրա անձնական հայտարարությունը, այնուհետև մենք վստահ չենք, որ դուք ներկայացնում եք նրա շահերը Եվրոպական դատարանում, կար նամակը», – նշեց նա` հավելելով, որ նույնիսկ Եվրոպական դատարանի նամակի բացակայության դեպքում անգամ իրեն չպետք է արգելեին տեսնել իր պաշտպանյալին։
Մոսկալենկոն ընդգծեց, որ երբևէ չի տեսել Շիրխանյանին, սակայն գիտի գործի նյութերի մասին և գիտի, թե Եվրոպական կոնվենցիայով ինչ կանոններ են խախտվել։ «Ինձ պետք է հիմա անհապաղ ներկայացնել, թե Շիրխանյանն ինչ վիճակում է գտնվում և, եթե ինձ չեն թողնում նրա մոտ, ես իրավունք ունեմ ոչ բարենպաստ իրավիճակի մասին կարծիք կազմել», – հավելեց նա։
Փաստաբանը նշեց, որ մինչ օրվա վերջ սպասելու է պատասխանի և, եթե նրան չտան խելամիտ պատասխան, ապա նա վաղն առավոտյան գրություն կուղարկի Եվրոպական դատարան, որ խախտվել են իրավունքները։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան