Ճամբարակցիների պանիրն իրացնելուն օգնած ֆերմերին մեղադրում են «հանցագործության» մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես  արդեն հայտնել  էինք, նոյեմբերի 29-ին Ճամբարակ քաղաքի և հարակից գյուղերի բնակիչները ցույցի էին դուրս եկել «Աշտարակ-կաթ» ընկերության գործարանի դիմաց` պահանջելով վճարել իրենցից մթերված կաթի պարտքերը: Ընկերությունը քանի ամիս չէր վճարել գնված կաթի գումարները, գործարանի աշխատողների՝ աշխատավարձերը, միայն Ճամբարակում կուտակելով 70 մլն դրամից ավելի պարտք:

Բողոքի ակցիայից հետո գործարանի տնօրինությունը որոշել էր գումարի փոխարեն ճամբարակցիներին «ռոքֆոր» տեսակի պանիր հանձնել, թերևս, իրացնելու նպատակով:

«Ժողովուրդ»-ը  գրել էր,  որ «Աշտարակ կաթ» ընկերությունը պարտք է օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին մթերած կաթի գումարները: Պարտատերերի թվում են մասնավորապես Գեղարքունիքի մարզի Վահան, Ճամբարակ, Գետիկ, Մարտունի, Թթուջուր գյուղերի բնակիչները:

Նշենք, որ ֆերմեր Հարություն Մնացականյանը և մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը նախաամանորյա օրերին սոցիալական ցանցում «վաճառքի հանեցին» ճամբարակցիների պանիրը:  Այնուհետև բնակիչների խնդրով հետաքրքրված Հարություն Մնացականյանը, պանրի իրացման պատճառով,  լուրջ խնդիրների առաջ է կանգնել:

Ստեղծված խնդրի առնչությմաբ  ArmLur.am-ը զրուցեց  Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում  զարմացած ասաց. «Ո՞նց կարող է նման բան լինել: Այսօր մեր պետությունն էլ է շահագրգռված, որ խնդիրը լուծվի, մարդկանց պարտքերը փակվեն»:

Քաղաքապետի խոսքով ՝  Հարություն Մնացականյանի միջոցով 48 միլիոնի չափով պանիր է իրացվել. «Մարդկանց պարտքերը են մարվել»:

Յուրա Ավալյանի տեղեկություններով ՝ «Աշտարակ կաթ»-ի աշխատակիցները ազատվել են աշխատանքից: Այս պահին գործարանը չի գործում. «Ես հույս էլ չունեմ, որ կարող է գործարանը նորից աշխատել: Միգուցե, ուրիշ սեփականատեր գա՞ աշխատացնի, դեռևս տեղյակ չեմ»:

Հիշեցնենք, որ  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 19-ի վճռով «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ։

Արդյունքում, վերոհիշյալ  ընկերությունը,  «ձեռքերը լվանալով»,  մի կողմ է քաշվել` գյուղացիներին թողնելով ճարահատյալ վիճակում, իսկ ով փորձում է բնակիչների կողքին կանգնել, համրավում է «հանցագործ»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս