Գյումրիում «կենացները քաղցրանում են». Սամվել Բալասանյանի և տեղի ՀՀԿ-ականների հարաբերությունները լարվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նկատելիորեն լարվել են Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ տեղի ՀՀԿ-ականների հարաբերությունները: Սառել են նաեւ Սամվել Բալասանյանի եւ նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի՝ ՏԻՄ ընտրությունների շրջանում առկա ջերմ հարաբերությունները:

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սամվել Բալասանյանը որդուն՝ Խաչատուր Բալասանյանին խաղի մեջ մտցնելով՝ խառնել է բոլորի խաղաքարերը: Բանն այն է, որ Մարտուն Գրիգորյանը Բալասանյանին աջակցել էր քաղաքապետ ընտրվելու հարցում, ինչի դիմաց նա պետք է փոխհատուցեր Գրիգորյանին՝ ԱԺ ընտրությունների ժամանակ:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Մարտուն Գրիգորյանը եւ Սամվել Բալասանյանն այնքան են նեղացել իրարից, որ Գրիգորյանը հունվարի 18-ին՝ իր ծննդյան օրը, չի անցկացրել Բալասանյանի «Սեւ բերդ» ռեստորանահյուրանացային համալիրում, ինչպես նախապես պլանավորել էր:

Նկատենք, որ մինչ հարաբերությունների սառեցումը, Մ. Գրիգորյանը հաճախակի էր լինում «Սեւ բերդում»: Ներկա էր լինում նաեւ Բալասանյանի կողմից կազմակերպած բոլոր միջոցառումներին, այդ թվում այն խնջույքին, որը «Սեւ բերդում» արել են Բալասանյանի քաղաքապետ վերընտրվելու առիթով: Բալասանյանի «օբյեկտում» մեկ քեֆ-ուրախություն էլ նախկին ԲՀԿ-ական Գրիգորյանն է նախաձեռնել՝ Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի 20-ամյակի առիթով:

Ի դեպ, Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, ում հայրը ցանկանում է տեսնել հաջորդ ԱԺ-ում, Գյումրիում հաճախակի չի լինում: Այս պահին նա գտնվում է Չինաստանում, վերադառնալու է մի քանի օրից:

Նշենք, որ Խաչատուր Բալասանյանին, Մարտուն Գրիգորյանից զատ, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում չի ցանկանում տեսնել նաեւ ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը: Վերջինիս եւ Բալասանյանի միջեւ տարաձայնությունները դեռ քաղաքապետի ընտրությունների ժամանակ էին առաջացել: Պատճառն այն է, որ Սահակ Մինասյանն ինքն էր ցանկանում դառնալ քաղաքապետ, մինչդեռ ՀՀԿ-ի վերնախավը Սամվել Բալասանյանին սատարեց, իսկ թիմակցին չնեղացնելու համար նշանակեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր: Սահակ Մինասյանը չի մոռացել այդ պատմությունը եւ մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ Բալասանյանի որդուն չի ցանկանում տեսնել ՀՀԿ-ի ցուցակում:

Նարեկ Կիրակոսյան
Գյումրի




Լրահոս