ՀՀ գործող իշխանությունը մի չգրված օրենք ունի. քիչ թե շատ հեղինակություն ունեցող անձանց բերել իշխանության ինչ-որ օղակ, պատասխանատու պաշտոնի նշանակել, ապա վարկաբեկել՝ ցույց տալով հեռանալու ճանապարհը: Հիմա նույն ձեռագիրը կիրառվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի դեպքում, որին «ճանապարհելու» թեման ընտրական օրենսգիրքն է՝ 4 տարվա մշտական բնակության արդեն լուծելի դարձած, բայց խնդրահարույց մատուցվող հարցը:
Երբ նրան վարչապետ նշանակելու որոշումը հիմնավորում էր Սերժ Սարգսյանը, գրեթե փրկիչ մատուցեց՝ Կարապետյանին համարելով փոփոխությունների սիմվոլ: Այդ սիմվոլը, սակայն, պարզվում է՝ ՀՀԿ-ի ներսում այնքան էլ ընկալված չէ: Եւ հիմա վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ աշխատում է ավելի շատ ներիշխանական թեւը, քան ընդդիմադիր կամ հասարակական զանգվածները:
Ինչպե՞ս, բացատրենք: Կարեն Կարապետյանը ՀՀԿ հնաբնակների համար յուրային չի ընկալվում: Ու նրանք ամենեւին էլ չեն ցանկանում, որ Կարապետյանը հաջողի: Ինչո՞ւ, որովհետեւ չեն կարողանում ազատ ելումուտ անել վարչապետի մոտ, նրան համարում են դրսից եկած մարդ, որին «իրավունք վերապահված չէ» կառավարելու երկիրը իր խաղի կանոններով: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իշխանական կայքերից մեկին տված հարցազրույցում ակնարկել էր «դրսից եկածի» ֆակտորը: Իսկ Կարեն Կարապետյանը, կարծես թե, առանձնապես չի ձգտում փոխել իր պահվածքը՝ առավել խորացնելով իր եւ հնաբնակների միջեւ առաջացած անջրպետը:
Վարչապետի դեմ ակնհայտորեն աշխատող մյուս թեւը Սերժ Սարգսյանի փեսա, լրատվական դաշտից որոշ մասով մեկուսացված Միքայել Մինասյանի փոքրաթիվ թիմն է: Նրանց պատկանող լրատվամիջոցներում Կարեն Կարապետյանին բացահայտ ծաղրում են, անթաքույց քննադատում են: Երեւույթ, որ դժվար պատկերացնելի է, քանի որ գոնե նախկին իշխանության օրոք բուրգի ներսում իրենց թիմին «ատամներով պահելու» ավանդույթը սրբորեն պահպանվում էր: Հարձակման էին ենթարկվում միայն ընդդիմադիր ուժերը՝ մրցակցային սկզբունքներից ելնելով եւ ոչ գոտկատեղից ներքեւ հարվածներով: Հիմա, կարծես թե, ավանդույթը փոխվել է: Խճճվել ու լղոզվել է ամեն ինչ:
Լրատվական դաշտը, որը կոչված է իրապես լրատվություն հաղորդելու եւ գործում է անհամեմատ անկախ դաշտում, դեռեւս մեծապես սատարում է Կարեն Կարապետյանի փոփոխությունները: Թե ինչքան կարող է դա տեւել, դժվար է ասել, բայց գործադիրի ղեկավարին շանս տալու ձգտումն ակնհայտ է իրական լրատվամիջոցների կողմից: Նկատենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանին հետեւողականորեն «ոչնչացնելու» մասով ուշագրավ պասիվություն եւ անտարբերություն է դրսեւորվում ՀՀ նախագահի նստավայրից իշխանական կամ, այսպես ասած, պատասխանատու լրատվամիջոցների գործունեության համակարգող պաշտոնյաների կողմից: Մինչդեռ հենց նրանց տիրապետության տակ եղած կայքերն ու հեռուստաընկերություններն են «հարձակվում» վարչապետի դեմ:
Ու այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Եթե փորձենք դրա պատասխանը գտնել տրամաբանության շրջանակներում, դժվար է, գուցե չստացվի, իսկ եթե դիտարկում ենք անձնական ու քաղաքական ամբիցիաների շրջանակում, ամեն ինչ իր տեղն է ընկնում:
Ինչպե՞ս, բացատրենք: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանն իրականում Հայաստան եկավ, վարչապետի պաշտոնում նշանակվեց, որպեսզի Հանրապետական կուսակցությունը հնարավորություն ունենա նոր, թարմ, չվարկաբեկված անձի իմիջի տակ թաքնվելով՝ ձայներ հավաքել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այսինքն՝ Կարապետյանը ընտրություններում որպես բուտաֆորիա է օգտագործվելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը իր տարբեր թիմակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրականում ՀՀԿ-ն այսօր ունի 20 տոկոս ձայներ հավաքելու շանս, որը գոհացուցիչ չէ, եւ պետք է ամեն գնով աշխատել բարձրացնել ՀՀԿ-ի ձայներ հավաքելու հնարավորությունը: Բայց որպեսզի չստացվի այնպես, որ Կարապետյանի դեմքով ՀՀԿ-ն հաղթանակ տանի, ու վարչապետը սկսի նոր պահանջներ ներկայացնել, միաժամանակ սկսվել է նրան «օդերից իջեցնելու» օպերացիան: Կարապետյանը պետք է այնքան խոցելի դառնա, որպեսզի ներիշխանական պայմանավորվածությունների ու «ռազբորկաների» ժամանակ «բարոյական իրավունք» չունենա նոր պահանջներ ներկայացնել:
Ահա թե ինչու են իշխանական շրջանակները թիրախավորել «օտար» վարչապետին եւ նրա թիմին: Թույլ չի տրվում Կարապետյանին բաժնեմաս ունենալ իշխանությունից:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ տարբեր գործիչներ այս օրերին հետեւողական կերպով ամենատարբեր մարդկանց են հանդիպում, նույնիսկ ՀՀԿ-ից նեղացածներին, առաջարկում, համոզում, խնդրում են, որպեսզի ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ներգրավվեն եւ ձայներ բերեն իշխող կուսակցության համար: Բայց պայմանը ի սկզբանե դրված է, որ պարտադիր չէ՝ բոլորը խորհրդարան մտնեն: Նրանց ընտրություններից հետո տարբեր պաշտոններ կբաշխվեն:
Իսկ թե ովքեր կմտնեն խորհրդարան, ամենաբարդ հարցն է ՀՀԿ-ի համար, քանի որ տարբեր թեւերի բաժանված ՀՀԿ դերակատարները յուրաքանչյուրը իր ցուցակն է կազմում, որպեսզի ներկայացնի Սերժ Սարգսյանին, քանի որ վերջնական խոսքը, բնականաբար, նրանն է լինելու:
Եւ այսպես, խիստ նախնական տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանից հետո առաջին ցանկալի եռյակը կլինի այսպիսի դասավորվածությամբ՝ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյան, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան եւ ՀՀ ԱՆ Արփինե Հովհաննիսյան: Եռյակից, սակայն, երկուսն իրավունք ունեն պատգամավորության թեկնածուներ առաջարկելու՝ Մարգարյանն ու Սարգսյանը:
Թեեւ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը եւս իր յուրայինների ցուցակն է կազմում, այնուամենայնիվ, նրան դժվար 1-2 մանդատից ավել տրվի: Մեկը կլինի Սամվել Ֆարմանյանը:
Բնականաբար, Կարեն Կարապետյանին էլ պատգամավորների ցուցակ կազմելու հնարավորություն կտրվի: Կա նաեւ ավանդական պատգամավորների ցուցակ, որը կազմվում է խմբակցության անդամներից, նաեւ Սերժ Սարգսյանի մտերիմների միջնորդությամբ՝ Բարսեղ Բեգլարյան, Բակո Սահակյան, Զորի Բալայան եւ այլն:
Այսպիսով՝ ՀՀԿ-ում դեռ շատ բան հստակեցված չէ: Ներքին ինտրիգները գնալով խորանում են: Միայն հայտնի է, որ 20 տոկոս քվեները պետք է կրկնապատկել եւ դեռ ավելին՝ ոչնչի առջեւ կանգ չառնելով:
Ներկուլիսային իրավիճակն իմի բերեց
Արփինե Թովմասյանը